Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը ծնվել է 1990 թ. հունիսի 9-ին, Երևանում։ Ավարտել է Ձայնի պահպանման դպրոցը (2005 թ.) և Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ը (2007 թ., դաշնամուրի բաժին): Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (կոմպոզիցիա, բակալավր, պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանի դասարան): 2007 թ. դարձել է Սպենդիարյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի դափներկիր և «Մարո» պատանի ստեղծագործողների մրցույթի հաղթող: Նույն թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով հանդես է եկել որպես կոմպոզիտոր-դաշնակահար Լոնդոնում՝ Talanted young Armenian Musicians at a Charity Recital համերգում: 2009 թ. ընդունվել է կոնսերվատորիայի սիմֆոնիկ դիրիժորության բաժին (պրոֆեսոր Յուրի Դավթյանի դասարան): Ուսումը շարունակել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում (դիրիժորություն, մագիստրատուրա, պրոֆեսոր՝ Փիլիպ Ժերար), ապա Բեռլինի Արվեստների համալսարանում (դիրիժորություն, մագիստրատուրա, պրոֆեսոր՝ Սթիվեն Սլոան): 2010 թ. Եկատերինբուրգում (ՌԴ) կայացած դաշնամուրի մրցույթում արժանացել է Grand-prix մրցանակին: Նույն թվին Թբիլիսիում շվեյցարական «Pre art» անսամբլը կատարել է Իրադյանի «Մենության քաղաք» ստեղծագործությունը: 2011 թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի «կոմպոզիցիա» անվանակարգում «Վեց պատասխան» խորագրով թիվ 2 սիմֆոնիայի համար արժանացել է 1-ին մրցանակին: Այն հնչել է նույն թվականին՝ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռաշիդ Նիգամատուլին): 2012 թ. արժանացել է Երիտասարդ կոմպոզիտորների համահայկական մրցույթի 2-րդ մրցանակին: 2013 թ. տեղի է ունեցել նրա «Ինքնասպանի գրառումները» 15 կատարողների համար գրված երաժշտական պոեմի պրեմիերան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Երևան): 2014 թ. ստեղծագործությունը, որպես որպես ալտերնատիվ փսիխոդրամա, ներկայացվել է ժամանակակից բալետային տարբերակով (Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երեւան, Հայաստան): 2016 թ. մասնակցել է «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթին՝ արժանանալով 2-րդ մրցանակին: Իրադյանի ստեղծագործությունները և մշակումները ներկայացվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային բեմերում: Հայաստանյան և Միջազգային մրցույթների դափնեկիր է: Հանդես է եկել որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Սլովենիայում, Բելգիայում և այլն։ Համագործակցել և ղեկավարել է Հայաստանի պետական կամերային, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ, Komische Oper Berlin, Magdeburgische Philharmonie, Bochumer Symphoniker, Staats theater Cottbus, Brandenburger Symphoniker, Neubrandenburger Symphoniker, Hochschul orchester der UdK, Kammerorchester Prenzlau նվագախմբերը։ Աշխատել և համագրոծակցել է կոմպոզիտորներ Ռ. Շչեդրինի, Սենգ Ահ Օհի (Կորեա), Պիտեր Ադրիանցզի (ԱՄՆ), Շտեֆան Վիրտի (Շվեյցարիա), «Pre art» անսաբլի (Շվեյցարիա), ՀՊՖՆ-ի և այլ կոլետկտիվների հետ: Ա. Իրադյանն այժմ բնակվում և ստեղծագործում է Բեռլինում, հանդիսանում AGBU լարային նվագախմբի գլխավոր դիրիժորը (Բրյուսել), դասավանդում Բեռլինի Արվեստների համալսարանում։