Անցնել բովանդակությանը
Անահիտ  Ներսիսյան

Անահիտ Ներսիսյան

Դաշնակահար

Կենսագրություն

Դաշնակահար Անահիտ Ներսիսյանը ծնվել է 1954 թ., Երևանում։ 1972 թ.  ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (Էլեոնորա Ոսկանյանի դաշնամուրի դասարան), 1977 թ.՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան (Վիկտոր Մերժանովի դասարան)։ 1977-80 թթ. շարունակել է կրթությունը Մոսկվայի կոնսերվատորիայում՝ որպես ասպիրանտ (հեռակա), միաժամանակ, նույն 1977 թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1981 թ.-ից Հայֆիլհարմոնիայի մենակատար է։ 

Ա. Ներսիսյանը 1972 թ. Բաքվում արժանացել է Անդրկովկասյան IV մրցույթի դափնեկրի կոչման: 1980 թ. Լայպցիգում կայացած Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է (1-ին մրցանակ): 1985 թ. դարձել է Հայաստանի երիտասարդական մրցույթի դափնեկիր: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է (Ռուսաստան, Բելորուսիա, Գերմանիա, Լեհաստան, Բուլղարիա): 2003 թ.-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 2007 թ. ստացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում:  Վարպետության դասեր է անցկացրել Ճապոնիայում, Լեհաստանում, Ռուսաստանում: 2018 թ.՝ որպես հատուկ հրավիրված պրոֆեսոր, հանդես է եկել Տոկիոյի «Գեյդայ» համալսարանում: Նույն թ. ստացել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան պատվավոր պարգև: 2020 թ. Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարի կողմից պարգևատրվել է Ճապոնիայի և Հայաստանի միջև երաժշտության միջոցով փոխըմբռնումը խթանելու համար: 

Դաշնակահարի կատարմամբ  առկա են մի շարք ձայնագրություններ (Յ. Ս. Բախ, Ստեղծագործություններ, Մելոդիա, 1981: Դ. Շոստակովիչ, Ստեղծագործություններ, Մելոդիա, 1984: Հայ կոմպոզիտորների ստեծագործություններ, ԱՄՆ, 1994, Հայաստան 2005: Սկանդինավյան կոմպոզիտորների ստեղծագործություններ դաշնամուրի և ջութակի համար, Մեգումի Օգատայի (ջութակ) հետ, Ճապոնիա, 2001: Գ. Սարաջյանի ստեղծագործություններ, Հայաստան, 2011: Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ երկու դաշնամուրի համար, Լիլիթ Զաքարյանի (դաշնամուր) հետ, Հայաստան, 2014: Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ մանուկների համար, Հայաստան, 2012, 2013, 2015 և այլն):

Այլ երաժիշտներ