Անցնել բովանդակությանը
Աննա  Սարաջյան

Աննա Սարաջյան

Կոմպոզիտոր · Դաշնակահար

Կենսագրություն

Աննա Սարաջյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Բազմաթիվ մրցանակների և միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ 1992 թ. «Ամադեուս» ազգային մրցույթի ոսկե մեդալակիր և Էտլինգենի միջազգային մրցույթի Բախի անվան մրցանակակիր։ Դաշնամուր է սկսել նվագել իր պապի՝ հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր, դաշնամուրի հայկական դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Գեորգի Սարաջևի, այնուհետև իր հոր՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի մոտ։    

1995-ին Աննան արժանացել է Ջուլիարդի դպրոցում սովորելու կրթաթոշակի, իսկ Նյու Նորքում իր նորամուտն է նշել Քարնեգի Հոլում: 1999-ին Ջուլիարդի դպրոցն  ավարտելուց հետո Աննա Սարաջյանն իր կրթությունը շարունակել է  Լոնդոնի Թագավորական երաժշտական ​​ակադեմիայում՝ Համիշ Միլնի դասարանում։ Ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում դաշնակահարուհին շրջագայել է Հայաստանով, Ֆրանսիայով, Իտալիայով, Ավստրիայով, Շվեյցարիայով, Հարավային Աֆրիկայով, ԱՄՆ-ով, Մեծ Բրիտանիայով, Կանադայով, ելույթ է ունեցել հեղինակավոր South Bank կենտրոնում, Wigmore Hall-ում և Place Des Arts-ում, ձայնագրվել Հայաստանի հանրային ռադիոյում և  BBC Radio 3-ում։ 

2002-ին նա արժանացել է Dip RAM մրցանակի։ Բոստոնում հրավիրվել է մասնակցելու Nantucket ամառային դպրոցին, Իտալիայում Սեմպերի միջազգային երաժշտական փառատոնին, Արագած միջազգային երաժշտական փառատոնին և Մոնրեալի Բախի փառատոնին։  

Մամուլը բարձր է գնահատել Աննա Սարաջյանի կատարմամբ Բեթհովենի թիվ 3, և Բրամսի թիվ 1 դաշնամուրային կոնցերտները, որոնք նա նվագել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Բացի դրանից, դաշնակահարուհին տարբեր երաժիշտների հետ ելույթ է ունենում կամերային համերգների ձևաչափով, համագործակցել է թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանի և Վահրամ Սարաջյանի, ջութակահարներ Լիդիա Մորդկովիչի, Նիկոլա Լոուդի և Ջեք Լիբեքի,  դաշնակահարներ Համիշ Միլնի, Յակոբ Կացնելսոնի, Էդուարդո Դելգադոյի, երգիչներ Հասմիկ Գրիգորյանի, Գեղամ Գրիգորյանի և Հասմիկ Պապյանի հետ։

Աննա Սարաջյան-ի ստեղծագործությունները

Դիտել բոլորը

Այլ երաժիշտներ