Կենսագրություն
Ջութակահար Անուշ Նիկողոսյանը
ծնվել է 1989 թ. հուլիսի 7-ին, Երևանում: Սկզբնական
երաժշտական կրթությունը ստացել է Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանի
դասարանում: Հետագայում ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում,
որտեղ մի քանի տարի սովորել է Հայաստանի Ազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ
Թոփչյանի ղեկավարությամբ: Մյունխենի University of Music and Performing Arts-ում Անուշը
սովորել է պրոֆ. Քրիստոֆ Պոպպենի դասարանում, իսկ 2013 թ.-ից նրա ղեկավարը եղել է պրոֆ.
Ջուլիա Ֆիշերը:
2017 թ.-ին Անուշը ավարտել է իր ուսումը Մյունխենի կոնսերվատորիայում՝
ստանալով Concert Diploma: 2001-2005 թթ.-ին եղել է Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառու:
Մասնակցել է միջազգային փառատոների Չեխիայում, Նիդերլանդներում, Լիտվայում և Ռուսաստանում:
Որպես մենակատար հանդես է եկել Deutsche Radio Philharmonie Saarbrücken-ի, Հայաստանի
Ազգային ֆիլհարմոնիկ, Կարինթիայի սիմֆոնիկ, Մանհայմի Կուրպֆալց կամերային, Մորավիայի
ֆիլհարմոնիկ, Կաունասի կամերային, Հայաստանի պետական կամերային, Ուրալի Ֆիլհարմոնիկ,
Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ` Էդուարդ Թոփչյան,
Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Դմիտրի Լիսս, Լեոշ Սվարովսկի, Պավել Բերման, Ալեքսանդր Տրեգեր,
Էմանուել Սիֆերտ, Մարկուս Բոշ և այլք):
Ա. Նիկողոսյանը միջազգային մրցույթների դափնեկիր
է, որոնց թվում է “International Kärntner Sparkasse Wörthersee” մրցույթը (Ավստրիա,
2010 թ., 1-ին մրցանակ): Դրան հաջորդեցին փառատոներում անվանի նվագախմբերի հետ հանդես
գալու հրավերներ. “Pacific Music Festival Sapporo” (դիրիժոր` Ֆաբիո Լուիզի,
2011), Rimini Meeting Festival (դիրիժոր` Ֆաբիո Լուիզի, 2014), Festival della
Nazioni in Citta di Castello, Ravello Music Festival (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան,
2014), Bruckner Festival Linz (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան, 2014), Երևանի միջազգային
երաժշտական փառատոն (դիրիժոր` Է. Թոփչյան):
Ելույթներ է ունեցել Ֆրանկֆուրտի Alte
Oper, Opéra de Nice, Լինցի Brucknerhaus, Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիկ, Կլագենֆուրտի
Konzerthaus, Արամ Խաչատրյանի, BASF Ludwigshafen Konzerthaus և այլ համերգասրահներում:
2015 թ.-ի մայիսին
տեղի է ունեցել նրա բեմելը Լոս Անջելեսի Walt Disney համերգասրահում, իսկ 2016-ին՝
Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում` «Սպիտակ գիշերների աստղեր» փառատոնի
շրջանակներում: Որպես մենակատար Անուշը հանդես է եկել Հայաստանի, Գերմանիայի, Լիտվայի,
Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄԷ-ի, Սիրիայի, Վրաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի,
Իսրայելի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Սլովակիայի և Ավստրիայի նվագախմբերի հետ:
Որպես կամերային
երաժիշտ մասնակցել է փառատոների և համագործակցել Ջուլիա Ֆիշերի, Քիմ Քաշքաշյանի, Լայֆ
Օվե Անդսնեսի, Նիլս Մյոնքեմայերի, Սերգեյ Կռիլովի, Պավել Վերնիկովի, Մարիո Բրունելլոյի,
Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի, Ռադովան Վլադկովիչի, Բենջամին Նիֆֆենեգերի հետ:
Ջութակահարուհու ընդարձակ
նվագացանկում մեծ տեղ են զբաղեցնում ժամանակակից կոմպոզիտորների՝ Մանսուրյանի, Երկանյանի,
Դոթի, Պենդերեցկու, Զաքարյանի, Իսրայելյանի, Չաուշյանի, Չթչյանի և այլոց ստեղծագործությունները:
2013 թ.-ից Անուշ Նիկողոսյանը
նվագում է Ժան-Բատիստ Գվադանինիի կերտած ջութակով (Միլան, 1753 թ.):