Կենսագրություն
Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Անուշավան Տեր-Ղևոնդյանը ծնվել է 1887 թ․ մարտի 8-ին՝ Թիֆլիսում։
1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և կոնսերվատորիան։ 1917-1925 թթ. դասավանդել է Թիֆլիսի, 1926-1934 թթ. և 1938-1958 թթ.՝ Երևանի (1926-1930 թթ.՝ նաև տնօրեն, 1948-1959 թթ.՝ ամբիոնի վարիչ), 1934-1938 թթ. Բաքվի (նաև՝ տնօրեն) կոնսերվատորիաներում։
1914 թվականին Ռոմանոս Մելիքյանի հետ գրի է առել Շիրակի ժողովրդական երգեր և պարեր, որոնց հիման վրա ստեղծել է հայկական առաջին սիմֆոնիկ երկերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916)։ Գրել է «Սեդա» (ըստ Լևոն Շանթի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմասրվել ՝ 1949-ին) օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ. Ջաբարլու, 1936), «Անահիտը» (ըստ Ղազարոս Աղայանի, բեմականացվել է 1940-ին) բալետները, «Աղթամար» (1923) սիմֆոնիան, «Վահագնի ծնունդը» (1923) վոկոլ-սիմֆոնիկ պոեմները, խմբերգեր, երգեր, ռոմանսներ և այլն, որոնք աչքի են ընկնում դյուցազներգաքնարական շնչով, հայկական ժողովրդական ու պրոֆեսիոնալ և ռուսական դասական երաժշտության ավանդույթների ինքնատիպ համադրությամբ։ Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր։ Հեղինակ է «Ռիխարդ Վագներ» գրքույկի (1933) և երաժշտության տեսության դասագրքի (2 հատոր)։
Մահացել է 1961 թ․հունիսի 6ին՝ Երևանում։ Լուսանկարիչ Գրիգոր Տեր-Ղևոնդյանի որդին և դաշնակահարուհի Հեղինե Տեր-Ղևոնդյանի հայրն է։