Կենսագրություն
Ծնվել է 1984 թ. Երևանում։ Սովորել է Ա. Տեր-Ղևոնդյանի անվ. երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում՝ Լևոն Չաուշյանի (կոմպոզիցիա) և Եվգենի Նոնինյանի (ֆլեյտա) դասարաններում:
2003 թ. տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սովորել է Ժնևի Երաժշտական Բարձրագույն Դպրոցում (HEM de Genève) հանրահայտ կոմպոզիտոր Միքաել Ժարրելի դասարանում (MA in Composition, 2011): Ուսումնասիրել է էլեկտրո-ակուստիկ երաժշտություն Ռայներ Բյոշի ղեկավարությամբ: Վարպետության դասեր է ստացել Կլաուս Հուբերից, Պետեր Էտվըշից, Տրիստան Մյուրայից, Ռոլանդ Մոզերից և այլ կոմպոզիտորներից:
Մի շարք միջազգային կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր է, այդ թվում Pre-Art (2005, Ցյուրիխ), Kiefer-Hablitzer (2011, Բեռն), Musikfestival Bern (2011, Բեռն), Mizmorim (2018, Բազել): 2011-ին International Composers Pyramid միջազգային մրցույթի 10 ընտրված կոմպոզիտորներից է:
Արամ Հովհաննիսյանի երաժշտությունը հնչել է բազմաթիվ միջազգային փառատոններում, ինչպիսիք են World New Music Days (Շվեյցարիա), Լյուցեռնի և Բեռնի փառատոնները, Sonemus (Բոսնիա և Հերցեգովինա), Blurred Edges (Մակեդոնիա), Dilijan Chamber Music Series (ԱՄՆ), Murten Classics, Mizmorim փառատոնը, Swiss Chamber Music Festival, Crossroads [contemporary music days in Armenia] և այլն:
Հովհաննիսյանի ստեղծագործությունները պատվիրվել և կատարվել են հեղինակավոր անսամբլների կողմից, որոնց շարքում են Collegium Novum Zurich, Laboratorium, Paul Klee, Aequatuor, Proton և Pre-Art շվեյցարական անսամբլները, Մոսկվայի Ժամանակակից Երաժշտության Անսամբլը (MCME), Oktoplus (Հաննովեր), Studio for New Music (Մոսկվա), XX Jahnrhundert Wien (Վիեննա) և Assonance անսամբլները, Վրաստանի Ազգային Սիմֆոնիկ Նվագախումբը, ինչպես նաև մի շարք մենակատարներ:
«Քառորդ Տոն» կազմակերպության համահիմնադիրներից է: 2017-ից հանդիսանում է «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի և«Ասոնանս» անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2018 թ. վերադարձել է Հայաստան՝ ստանձնելով Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնը: