Անցնել բովանդակությանը
Արմինե Գրիգորյան

Արմինե Գրիգորյան

Դաշնակահար

  • Դաշնակահար

Կենսագրություն

Դաշնակահար, հայ ժամանակակից դաշնամուրային արվեստի վառ ներկայացուցիչներից  Արմինե Գրիգորյանը ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: Մասնագիտական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա ավարտել  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆեսորներ Գեորգի և Սերգեյ Սարաջյանների ղեկավարությամբ):

Որպես մենակատար, համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Մերձբալթյան երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբանանում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում և այլուր:

Մի շարք միջազգային փառատոների մասնակից է: «Հռոմ 2003» դաշնակահարների միջազգային մրցույթին Հռոմի դեպուտատների պալատի կողմից արժանացել է կրկնակի դափնեկրի կոչման և շքանշանի: Նույն թվականին Արմինե Գրիգորյանը Սոնա Բարսեղյանի հետ (դաշնամուրային դուետ) արժանացել է Հռոմի «Ֆրեդերիկ Շոպեն» ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթի մրցանակին, ինչպես նաև Սերջիո Կալիգարիսի ստեղծագործությունների լավագույն կատարման հատուկ մրցանակին:

Թողարկել է մի քանի ձայնասկավառակներ, այդ թվում՝ «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» սկավառակը:

2004 թ.-ից հանդիսանում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը:

2005թ.-ից ջութակահար Կարեն Շահգալդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի հետ հանդես է գալիս որպես Արամ Խաչատրյան տրիոյի դաշնակահար: Տրիոն  համերգներով հանդես է եկել համաշխարհային տարբեր հեղինակավոր համերգասրահների բեմերում, այդ թվում՝ Վիեննայի (Musikverein), Համբուրգի (Laiezhalle), Լայպցիգի (Gewandhaus),  Մյունխենի (Gasteig - Philharmonie)  Լոնդոնի (Quen Elizabeth Hall), Տոկիոյի (Suntory Hall), Տորոնտոյի (Koerner Hall) և այլն:

Արմինե Գրիգորյանը Արամ  Խաչատրյանի անվան տրիոյի մյուս երաժիշտների հետ, լոնդոնահայ բարերար Ասատուր Գյուզելյանի աջակցությամբ ստեղծել է «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ»-ը, որը ներկայացնում և տարածում է մասնավորապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և աջակցում շնորհալի պատանի երաժիշտներին:

2004-ից Արմինե Գրիգորյանը Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է:

Այլ երաժիշտներ