Կենսագրություն
Բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը ծնվել է 1974 թ. Բաքու քաղաքում: 1989 թ. Երևան տեղափոխվելուց հետո երաժշտական կրթությունը շարունակել է ձայնի պահպանման դպրոցում: 1992-1997 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ (ակադեմիական երգեցողության) բաժնում:
1995 թվականից աշխատում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում՝ որպես մենակատար: 1996 թվականից՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ: 2005 թ. թատրոնի մենակատարների ատեստավորման արդյունքում ստացել է «Բարձր կարգի մեներգիչ» որակավորում: Թատրոնում աշխատելու տարիներին մասնակցել է կառավարական,հանդիսավոր և հոբելյանական համերգների:
Հյուրախաղերով հանդես է եկել Թեհրանում (Իրան, 2000 թ.) Լ. Ճգնավորյանի «Ռոստամ և Զոհրաբ» օպերայում, Սանկտ Պետերբուրգում (ՌԴ, 2000 թ.) Գ.Դոնիցետիի «Լուչիա դե Լամերմուր» օպերայում (որպես Էնրիկո); Մոնպելիեում (Ֆրանսիա, 2000 թ.) Վ. Նիեկիի «Կասանդրա» օպերայում (որպես Էգիստո); Բեյրութում (Լիբանան, 2001 թ.) Ջ.Վերդիի «Տրավիատա» օպերայում (որպես Ժ. Ժերմոն); Սասարի քաղաքում (Իտալիա, 2003 թ.) Պ. Չայկովսկիի «Եվգենի Օնեգին» օպերայում (որպես Օնեգին); Լիսաբոնում (Պորտուգալիա, 2004 թ.) Ս. Ռախմանինովի «Ժլատ ասպետ» օպերայում (դուկսի դերով) և «Զանգակներ» պոեմում (բարիտոն մեներգ); Ֆիգեյրա դե Ֆոշ քաղաքում (Պորտուգալիա, 2004 թ.) Ջ. Պուչինիի «Բոհեմ» օպերայում (որպես Մարսել); Տորոնտոյում (Կանադա,2005 թ.) Ի. Ստրավինսկու «Ռոսինյոլ» օպերայում (որպես Չինաստանի կայսր):
Ելույթ է ունեցել Հայաստանի ազգային Ֆիլարմոնիկ նվագախմբի հետ (Ա. Հարությունյան «Հայրենիք» կանտատ, Գ. Ֆորե «Ռեքվիեմ») և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (Դ. Հալաջյան «Միսա Դե Լումինե», Ի. Ստրավինսկի «Պրիբաուտկի»):