Արսեն Սողոմոնյանը ծնվել է 1983-ին՝ Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Ռաֆայել Հակոբյանցի դասարան):Մինչ տենորային երկացանկին անցնելը Սողոմոնյանը Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի առաջատար բարիտոններից էր: Նա նաև հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում որպես հրավիրյալ երգիչ: Արսեն Սողոմոնյանի դեբյուտը որպես տենոր կայացել է 2017-ի մարտին Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան օպերային թատրոնում՝ Կավարադոսիի դերակատարումով («Տոսկա»), որին հաջորդել է Մեքսիկայի Դեգոլլադո թատրոնում Կանիոյի դերերգի կատարումը («Պայացներ»): Սողոմոնյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է. «Ռոմանսիադա» երիտասարդ կատարողների մրցույթ (2001թ., 1-ին մրցանակ), Պավել Լիսիցյանի անվան մրցույթ (2003թ.), Մոնյուշկոյի անվան մրցույթ (2004թ., Վարշավա), Հարավ-Աֆրիկյան Հանրապետության վոկալ մրցույթ (2006թ.) և այլն:2006-ին Արսեն Սողոմոնյանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին: Սողոմոնյանը համագործակցել է Վլադիմիր Սպիվակովի, Ֆելիքս Կորոբովի, Տուգան Սոխիևի, Ալբերտո Ձեդայի, Էդուարդ Թոփչյանի և այլ հայտնի դիրիժորների հետ: Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Հարավ-Աֆրիկյան հանրապետությունում և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում: