Կոմպոզիտոր, դիրիժոր Արթուր Աքշելյանը ծնվել է 1984 թ. դեկտեմբերի 28-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև ժնևի Բարձրագույն երաժշտական դպրոցում (Միկայել ժարելի դասարան), ինչպես նաև Բոստոնի համալսարանում՝ աշխատելով Ռ. Քորնելի հետ։ Հանդիպում-սեմինարներ է ունեցել անվանի կոմպոզիտորներ Ի. Ֆեդելեի, Կ. Սարիահոի, Ս. Գերվասոնի, Ս. Գուբայդուլինայի և այլ անվանի երաժիշտների հետ։ Ստեղծագործում է հիմնականում կամերային և նվագախմբային ժանրերում։ Համագործակցել է բազմաթիվ անսամբլների և նվագախմբերի հետ, այդ թվում՝ Nouvel Ensemble Moderne (Մոնրեալ), Ensemble Intercontemporain (Փարիզ), Ensemble Insomnio (Ամստերդամ), Arditti Quartet (Լոնդոն), Ensemble Moderne Lemanic, Ensemble Contrechamps, «Պրե-արտ» անսամբլ (Ժնև), Musique Nouvelles (Բրյուսել), Ensemble Divertimento (Միլան) և այլն։ Մասնակցել է մի շարք փառատոների, որոնցից են «Musica Nova», «Festival Amadeus», «Gaia Festival», «Shanghai New Music Week», «Gaudeamus New Music Week», «Abeldoben» և այլն: Կոմպոզիտորին բարձր են գնահատել տարբեր միջազգային մրցույթներում, որոնցից են Մոնրեալի NEM երիտասարդ կոմպոզիտորների ֆորումը (2-րդ մրցանակ «Տուշպուեա» անսամբլի համար), Ժնևի մրցույթը (1-ին մրցանակ, Լարային կվարտետ), «Գաուդեամուս» (հատուկ մրցանակ, «Lichtfarben » ջութակի և անսամբլի համար), «Պրե-արտ» մրցույթները (1-ին մրցանակ, «Kyrie» չորս գործիքի համար) և այլն։ Վերջին շրջանում համագործակցում է «Dilijan chamber music series»-ի, «Ֆեստիվալ Ֆլաժե»-ի, «Orpheus» մրցույթի, «ՄինկոՖ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ։ 2019 թ.-ից վերադառնալով Հայաստան, աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: