Թավջութակահար Արտյոմ Մանուկյանն իր գործունեությունը սկսել է Հայաստանում որպես BBC World Music-ի մրցանակակիր Armenian Navy Band-ի անդամ:Ծնվել է Երևանում, 1983 թ. հունիսի 28–ին: Երաժշտական առաջին ազդեցությունը կրել է դաշնակահար մորից և Հայաստանում ջազ երաժշտության ձայնապնակների բավականին մեծ հավաքածու ունեցող հորից։ «Մենք ամբողջ օրը ջազ էինք լսում։ Այդ ժամանակ ես չէի ճանաչում ջազ նվագող թավուջութակահարների և սկսեցի կրկնօրինակել բաս նվագողներին»,- ասում է թավջութակահարը։ 1991 թ.-ից հաճախել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի բաժին (Վալերի Անտոնյանի դասարան): Այդ տարիներին նվագել է «Փոքր ջազ» խմբում: Կոնտրաբաս և բաս կիթառ սովորել է նվագել ինքնուս: 2000-2005 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը (Մեդեա Աբրահամյանի, ապա Արամ Թալալյանի դասարաններ): Այս տարիներին մասնակցել է մրցույթների և փառատոների Գերմանիայում, Հունաստանում և Ռուսաստանում: Թավջութակ նվագելու ոճը Արտյոմ Մանուկյանի մոտ ձևավորվել է կոնսերվատորիայում ուսանելու և ջազ բասիստներ Մարկուս Միլլերից և Ժակո Պաստորիուսից կրած ազդեցության արդյունքում։ 2005 թ.-ից նվագել է «Կատուներ», իսկ 2006 թ.-ից՝ Armenian Navy Band խմբերում, որոնց հետ մասնակցել է մի շարք հեղինակավոր ջազ-փառատոների: 2010 թ.-ից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ դարձել է պահանջված երաժիշտ և կինոերաժշտության պրոդյուսեր։ 2015 թ. թողարկել է իր առաջին՝ “Citizen” ալբոմը, որը մեծ հաջողություն է ունեցել: 2016 թ. ելույթ է New Direction թավջութակահարների փառատոնին: 2018 թ. սկսել է իր աշխատանքները երկու նոր ալբոմների վրա, որոնցից առաջինը՝ “HILA”-ն Ֆրանսահայ էլեկտրո-ջազ պրոդյուսեր Դ․ Քիլեջյանի հետ համագործակցության արդյունք է և կթողարկվի 2020-ի փետրվար ամսին, երկրորդը “Alone” սոլո ալբոմն է։ Երաժիշտը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ, դասավանդելով նաև Թումո կենտրոնում։ Արտյոմ Մանուկյանը այժմ էլ, ապրելով Լոս Անջելեսում, ելույթ է ունենում հայրենիքում՝ իր արվեստը ներկայացնելով տարբեր ջազ ակումբներում, համերգասրահներում, ռոք համերգներում։ Համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Run-D.M.C. խմբի անդամ Դերիլ “DMC” Մաք Դենիելսը, Գրեմմիի մրցանակակիր Դրակո Ռոսան, Նատաշա Բեդինգֆիլդը, ձայնագրվել կիոերաժշտության համար։ Ելույթ է ունեցել նաև հեռուստաշոուների շրջանակներում՝ Coldplay խմբի և U2 խմբի անդամ Բոնոյի հետ նույն բեմում։