Աշոտ  Խաչատրյան - Armenian National Music (anmmedia.am)
Աշոտ Խաչատրյան

Դաշնակահար

Մրտ 15 1984

Աշոտ Խաչատրյանը համարվում է իր սերնդի լավագույն դաշնակահարներից մեկը: 

Ծնվել է 1984 թ., Երևանում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից, Մեծամորի Շառլ Ազնավուրի անվան դպրոցում (Վալենտինա Մելիքյանի և Ելենա Գալուստովայի դասարաններ):  Այնուհետ կրթությունը շարունակել է Բազելում (Ջերարդ Վիսի, ապա Մարիա Ժոաո Պիրեսի դասարաններ) և իտալական Ֆիեսոլե քաղաքում (Էլիսո Վիրսալաձեի դասարան): 

2018 թ. հիմնադրել է Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս: 

Աշոտ Խաչատրյանի երկացանկում մեծ տեղ են գրավում Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային 2-րդ և 3-րդ կոնցերտները: Նա Ս. Ռախմանինովի (2006) և Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաև Top of the World (2011) և Concours d’Epinal (2013) մրցույթների մրցանակակիր է: 

Երիտասարդ վիրտուոզը ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի,  Eighteenth Century, Bazeli simfwnik, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ Յան Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի և այլոց ղեկավարությամբ: Ելույթներ է ունեցել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում, այդ թվում՝ Salle Pleyel, Բեռլինի Կոնցերտհաուս, Ամստերդամի Կոնցերտգեբաու,  Բրյուսելի Flagey, Cadogan Hall, Palais des Bozar, Բրյուգեի Կոնցերտգեբաու, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայում, Անդվերպենի De Singel, Զալցբուրգի Stiftung Mozarteum և այլուր: 

Որպես կամերային երաժիշտ Աշոտ Խաչատրյանը համագործակցում է Միշա Մայսկիի, Մաքսիմ Վենգերովի, Իվան Մոնիգետիի, Զախար Բրոնի և այլոց հետ: 2019-ին Ռոբերտ Ստեփանյանի և  թավջութակահար Ֆրանսիսկո Վիլայի  հետ Աշոտ խաչատրյանը հիմնել է Fine ART տրիոն։

Այսօր Ա. Խաչատրյանը իր ժամանակի մեծ մասը ծախսում է համերգների և ձայնագրությունների վրա: ​2013 թ.-ին լույս է տեսել նրա առաջին՝ Ֆ. Յ. Հայդնի և Լ. Վ. Բեթհովենի, 2019-ին՝ Ֆ. Շոպենի ստեղծագործությունների ձայնասկավառակները: Վերջին սկավառակն արժանացել է քննադատների բարձր գնահատանքին: