Կենսագրություն
Ավետ Գաբրիելյանը ծնվել է Դոնի Ռոստովում: 1929թ. ավարտել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան:
1922-23թթ դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, 1923-24թթ և 1941-44թթ` Երևանի, 1938-79թթ` Մոսկվայի կոնսերվատորիաներում: 1974թ. ստացել է Երևանի կոնսերվատորիայի, 1976թ.` Մոսկվայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում:
1924-74թթ եղել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադիր անդամներից: Հանդես է եկել մենահամերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ և անսամբլներում (Ա.Գոլդենվեյզերի, Հ.Նեյհաուզի, Կ.Իգումնովի, Վ.Մերժանովի հետ):
1935թ. եղել է Համամիութենական մրցույթի դափնեկիր, 1945թ. արժանացել է ՀԽՍՀ, 1946թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1965թ. դարձել է ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր: Ավետ Գաբրիելյանի անունով է կոչվում Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցը։