Կենսագրություն
Շուշան Սիրանոսյանը ջութակ պարապել սկսել է Սիոնում՝ Տիբոր Վարգայի մոտ։ 15 տարեկանում նա ընդունվել է Լիոնի երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիա՝ Պավել Վեռնիկովի դասարան։ 2002 թվականին տեղափոխվել է Ցյուրիխի երաժշտական համալսարան՝ Զախար Բրոնի մոտ, որտեղ 2007 թվականին ստացել է մենակատարի բարձրագույն դիպլոմ։ Կարճ ժամանակ անց նա դարձել է Սանկտ Գալլենի (Շվեյցարիա) սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, որտեղ մնացել է մինչև Ռեյնհարդ Գյոբելի հետ իր վճռորոշ հանդիպումը։ Այնուհետև նա իրեն նվիրել է Զալցբուրգի Մոցարտեումի նրա դասարանում հնագույն երաժշտության ուսումնասիրությանը և պարբերաբար աշխատել է նրա հետ որպես մենակատար։
Շուշան Սիրանոսյանը որպես մենակատար հանդես է գալիս ինչպես ժամանակակից, այնպես էլ բարոկկո ոճի ջութակներով։ Նա աշխատել է Լեոնարդո Գարսիա Ալարկոնի, Քրիստիան Բեզուիդենհաուտի, Բերտրան Շամայուի, Անդրեա Մարկոնի, Դանիել Օտտենզամերի, Թոմաս Դեմենգայի, Յոս վան Իմմերզեելի, Քրիստոֆ Քոյնի, Վացլավ Լուկսի, Անդրեաս Սպերինգի, Ռուդոլֆ Լուտցի, Ալեքսիս Կոսենկոյի, Թոմաս Հենգելբրոքի և Ֆրանսուա-Քսավիե Ռոթի հետ։
Միևնույն ժամանակ նա նաև համաշխարհային պրեմիերաներ է ունենում և աշխատում է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Դանիել Շնայդերը, Մարկ-Անդրե Դալբավին, Ահարոն Քեռնիսը, Բեշարա Էլ Խուրին, Էրիկ Տանգին, Բենջամին Աթահիրը և Թոմաս Դեմենգան։
Նա նաև ղեկավարում է Esperanza անսամբլը, որը ստեղծվել է Լիխտենշտայնում 2015 թվականին և արժանացել Opus Klassik 2018-ին։ Այդ նվագախմբի հետ Շուշանն արդեն ձայնագրել է մի քանի ալբոմ և պարբերաբար հյուրախաղերի է մեկնում։
Շուշան Սիրանոսյանն այսօր բարոկկոյի միջազգային ասպարեզի մեծագույն վիրտուոզներից է, ինչպես որպես մենակատար, այնպես էլ բազմաթիվ ճանաչված նվագախմբերի հետ։ Գործիքին տիրապետելու վարպետությունը, որն ամրագրվում է նրա երաժշտագիտական հետազոտություններով, նրան դարձրել են պահանջված երաժիշտ, որն ունի մեծ ինքնատիպություն օրինակելի կարիերայում։
Շուշան Սիրանոսյանը նվագում է Ջուզեպպե և Անտոնիո Գալյանոների բարոկկո ջութակով, ինչպես նաև Ջովանի Բատիստա Գուադանյինիի ջութակով, որը տրամադրել է Լա Շո դը Ֆոնում բնակվող վարպետ Ֆաբրիս Ժիրարդենը։
Նրա համերգային զգեստը հովանավորում է Ժակ Բելեմինը (Ֆրանսիա)։ Շուշան Սիրանոսյանը 2016 թվականից ձայնագրվում է Alpha Classics լեյբլի համար։