Անցնել բովանդակությանը
Դավիթ  Բալասանյան

Դավիթ Բալասանյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Կոմպոզիտոր և դաշնակահար Դավիթ Բալասանյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։ 2005 թ․ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, իսկ 2008 թ․-ին՝ ասպիրանտուրան (պրոֆեսոր՝ Աշոտ Զոհրաբյան)։ 

2009-2013 թթ․ աշխատել է կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում՝ որպես ասիստենտ։ 

2006 թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ 

Հեղինակել է կամերային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային և նվագախմբային ստեղծագործություններ, որոնք  հնչել են Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Հունաստանում, Լիբանանում, Կանադայում, Բելգիայում,  իսկ որոշ ստեղծագործություններ՝ հրատարակվել շվեյցարական "Sordino Ediziuns Musicalas" և ճապոնական "Da Vinci Edition" երաժշտական հրատարակչությունների կողմից։ 

2014 թ․Հանովերում հնչել է նրա "The Pillow Тagh" ստեղծագործությունը, որը գրվել է Octoplus անսամբլի պատվերով (NDR Radiophilharmonie)։ 

2017 թ-ից Contemporary Sound Orchestra-ի անդամ է։ (CSO – ժամանակակից անսամբլ (փոփոխական կազմով), որը հանդես է գալիս էքսպերիմենտալ ազատ իմպրովիզացիաներով, օգտագործելով բազմապիսի երաժշտական գործիքներ, իրեր, էլեկտրոնիկա)։   

Դավիթ Բալասանյանը մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է. Tenth Piano Composition Competition Fidelio Online մրցույթի ջազային նոմինացիայում արժանացել է 2-րդ մրցանակի (2019, Իսպանիա) և նույն մրցույթի ժամանակակից ատոնալ կատեգորիայում արժանացել 3-րդ մրցանակի (2019, Իսպանիա); Նարեկացի արվեստի միության կողմից կազմակերպված ազատ իմպրովիզացիայի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի (2016, Հայաստան); Սիչուանի կոնսերվատորիայի 6-րդ ստեղծագործական մրցույթի 3-րդ մրցանակ (2010, Չինաստան); երիտասարդ կոմպոզիտորների «Նարեկացի» մրցանակաբաշխության «Ժամանակակից դասական երաժշտություն» նոմինացիայի գլխավոր մրցանակ (2006, Հայաստան); Բենջամեն Բրիտենի 90-ամյա հոբելյանին նվիրված մրցույթի 2-րդ մրցանակ (2003, Հայաստան);  Piano Composition Competition Fidelio Online 12-րդ մրցույթի մինիմալիստական/էքսպերիմենտալ/նյու էյջ անվանակարգի առաջին մրցանակ (2021 թ․Իսպանիա, Մադրիդ)։   

2006 թ․ Վիեննայում մասնակցել է Եվրոպայի կոմպոզիտորների կոնգրեսին՝ ներկայացնելով Հայաստանը։ 2018 թ․ Տուլայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական մշակութային համաժողովին։ 

Դավիթ Բալասանյանը նաև անդամակցել է տարբեր երգչախմբերի՝ «Վարդանանք», «Հայաստանի կամերային ձայներ» և «Հովեր»։  Զբաղվելով նաև իմպրովիզացիաներով՝ Դավիթ Բալասանյանը հատկապես նախընտրում է հանդես գալ իր սեփական ազատ իմպրովիզացիաների կատարումներով: Համագործակցում է տարբեր երաժիշտների հետ ու իր կատարումներում երբեմն կիրառում էլեկտրոնիկա։ 

Մի շարք երաժշտագիտական հոդվածների հեղինակ է, անցկացնում է դաշնամուրի անհատական դասընթացներ, ունի դափնեկիր աշակերտներ։ 

Նրա մյուս հետաքրքրությունների շարքում է նաև պոեզիան։ Նա բանաստեղծություններ է գրում, որոնցից շատերը կարելի է գտնել նրա «Արահետներ» ժողովածուի մեջ, որը հրատարակվել է 2001 թ․ Երևանում։

Այլ երաժիշտներ