Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ծնվել է 1971 թ. մայիսի 6-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես ջութակահար (պրոֆեսոր Վիկտոր Խաչատրյանի դասարան): Կոնսերվատորիայում դիրիժորության դասեր ստացել է անվանի դիրիժոր Օհան Դուրյանից: Նրա՝ որպես դիրիժորի կայացման ճանապարհին, մեծ էր Սըր Ջորջ Շոլտիից, Կլաուդիո Աբբադոյից և Նելլո Սանտիից ստացված մեծարժեք խորհրդատվությունների դերը: 1991թ. ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որը շատ արագ դարձավ Հայաստանի ամենահեռանկարային նվագախմբերից մեկը և շուտով, արժանանալով միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների մրցանակների, ճանաչվեց նաև Եվրոպայում: «Սերենադը» Թոփչյանի ղեկավարությամբ Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 համերգներով: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Է. Թոփչյանի առաջին ելույթը կայացավ 2000 թ.-ին: Նույն տարում նա ստանձնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ հաջողությամբ հանդես գալով Հայաստանում և արտերկրում: 2001 թ. ՀԱՖՆ-ը Թոփչյանի ղեկավարությամբ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, իսկ 2003-ին՝ Մեծ Թատրոնում: Դրան հետևեցին ելույթները Նյուրնբերգում, Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցայում և այլուր: 2008 թ. Թոփչյանի գլխավորությամբ տեղի ունեցան ՀԱՖՆ-ի հյուրախաղերը Ճապոնիայում, որտեղ մի շարք քաղաքներում նվագախումբը մեծ հաջողությամբ հանդես եկավ 15 համերգներով: Էդուարդ Թոփչյանի երկացանկը ընդարձակ է, որում նվագախմբային գործերին զուգահեռ ընդգրկված են նաև օպերային գործեր: Մասնավորապես` նրա ղեկավարությամբ հնչել են «Սևիլյան սափրիչ», «Աիդա», «Սիմոն Բոկանեգրա», «Օթելլո», «Ռիգոլետտո», «Թիկնոցը», «Մադամ Բաթերֆլայ» «Տուրանդոտ», «Տոսկա», «Բոհեմ», «Գեղջկական ասպետություն», «Պայացներ», «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում` նաև «Դոն Ժուան», «Պիկ թագուհին», «Կախարդական սրինգը» և այլ օպերաներ: Է. Թոփչյանի գլխավորած համերգներում հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ, մասնավորապես` Պլասիդո Դոմինգոն, Պինխաս Ցուկերմանը, Ռենատո Բրուզոնը, Վլադիմիր Չերնովը, Վինչենցո լա Սքոլան, Միշա Մայսկին, Նատալյա Գուտմանը, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Յուրի Բաշմետը, Կիմ Քաշքաշյանը, Էմանուել Պայուն, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Սերգեյ Խաչատրյանը, Յուլիա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, Սերգեյ Բաբայանը, Ֆրանսուա-Ժոել Տիոլյեն, Պոլ Մայերը, Նարեկ Հախնազարյանը, Ալեքսեյ Լյուբիմովը, Բերնդ Գլեմզերը, Բերնար Ռինգեյսենը, Անտոն Սորոկովը, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, Մարիո Բրունելլոն և շատ ուրիշներ: Թոփչյանը հանդես է եկել շուրջ 50 անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, որոնց թվում են Լոնդոնի Արքունական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկը, Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը, Շտուտգարտի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը, Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, Opera Monte-Carlo-ն, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Siena Festival Orchestra-ն, Kärntner Sinfonieorchester-ը, Orchestra del Festival Brescia-ն և այլ նվագախմբեր: 2013-2014 թթ. Է. Թոփչյանը հյուրախաղերով հանդես է եկել Բուդապեշտի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վիեննայի հռչակավոր Musikverein համերգասրահում, Իսրայելի Ազգային ռադիո-սիմֆոնիկ, Գյուլբենկյան սիմֆոնիկ, Պրահայի ռադիո-սիմֆոնիկ, Սեուլի ֆիլհարմոնիկ, Հռոմի սիմֆոնիկ, Լիտվայի Ազգային սիմֆոնիկ, Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ և Տոսկանայի նվագախմբերի հետ: Էդուարդ Թոփչյանը եղել է մի շարք նշանակալից փառատոների գեղարվեստական ղեկավարը: 2007թ.-ից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ Թոփչյանը Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի նախաձեռնողը և գեղարվեստական ղեկավարն է: Էդուարդ Թոփչյանի լայն երկացանկն ընդգրկում է բարոկկո շրջանից մինչև մեր ժամանակի ստեղծագործություններ: Թոփչյանի ղեկավարությամբ ՀԱՖՆ-ը իրագործել է նաև հայ և օտարազգի կոմպոզիտորների գործերի պրեմիերաներ, որոնց մի մասը նվիրված է նվագախմբին և նրա գեղարվեստական ղեկավարին: 2014 թ. օգոստոսին ՀԱՖՆ-ը Է. Թոփչյանի ղեկավարությամբ Իտալիայում մասնակցեց չորս փառատոների: Նույն տարում համերգներ ունեցան Ավստրիայում և Գերմանիայում: 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում ՀԱՖՆ-ը Է. Թոփչյանի ղեկավարությամբ հյուրախաղերի մեկնեց Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, ԱՄՆ, Մեքսիկա, Լիբանան, Լեհաստան և Գերմանիա: Նույն թվին Թոփչյանը ղեկավարեց Ռուսաստանի Ազգային նվագախումբը և Յուրլովի անվան պետական կապելլան՝ կատարելով Վյաչեսլավ Արտյոմովի Ռեքվիեմը: 2015-ին Մալագայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի ելույթն արժանացավ իսպանական մամուլի բարձր գնահատանքին: 2016-ին Էդուարդ Թոփչյանը մեծ հաջողությամբ ղեկավարեց ՀԱՖՆ-ի ելույթը Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում՝ «Սպիտակ գիշերների աստղերը» հեղինակավոր փառատոնի շրջանակում: 2017-2018թթ. համերգաշրջանում մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ կայացել են ՀԱՖՆ-ի համերգները Իսպանիայում, Հարավային Ամերիկայում և Գերմանիայում: 2018թ. նոյեմբերի 28-ին Բեռլինի Konzerthaus-ում ՀԱՖՆ-ի կայացած համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին: 2007-ին Էդուարդ Թոփչյանն արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ 2011-ին՝ ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալին: 2013-ին Իտալիայի նախագահի որոշմամբ Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանով: 2016-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով: 2016 թ. Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Ֆիլհարմոնիկ նվագախումբը նշեց իր հիմնադրման 90-ամյակը՝ արդեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կարգավիճակով: 2019-20թթ. նվագախումբը տասը համերգով ներկայացավ Չինաստանի ինը քաղաքներում: