Անցնել բովանդակությանը
Էմմանուել Հովհաննիսյան

Էմմանուել Հովհաննիսյան

Դուդուկահար

Կենսագրություն

Դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի հետ իմ համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Lինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանի սանը, կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Էմմանուել Հովհաննիսյանը ձեռք է բերել մեծ փորձառություն՝ յուրահատուկ մեկնաբանություններով կատարելու ոչ միայն դուդուկի համար փոխադրված ժողովրդական երգերի մեղեդիները, այլ նաև մի շարք դասական ստեղծագործություններ։ Տարեվերջյան քննություններից բացի, նա ուսումնական տարվա ընթացքում մի քանի անգամ հանդես է գալիս մենահամերգներով՝ շարունակաբար թարմացնելով իր երկացանկը։ Մասնակցում է հանրապետական և միջազգային մրցույթների և մշտապես արժանանում բարձրագույն մրցանակների։

Բացի դուդուկից, Էմմանուել Հովհաննիսյանը փայլուն տիրապետում է գրեթե բոլոր հայկական փայտափողային գործիքներին և դրանց տեսակներին՝ զուռնա, շվի, բլուլ, պարկապզուկ, պկու։ Դա մեծ հնարավորություններ է ընձեռում երաժշտին՝ հանդես գալու ոչ միայն ազգային նվագարանների նվագախմբերում և առանձին անսամբլներում, այլև միջազգային երաժշտական ասպարեզում՝ առանձնահատուկ կերպով ներկայացնելով հայկական փողային նվագարաններն իրենց յուրատեսակ հնչերագներով։

Էմմանուել Հովհաննիսյանը ծավալում է նաև ընդարձակ մանկավարժական գործունեություն։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ավելի քան 10 տարի դասավանդելուց բացի, 2010թ. նա հիմնել է “Dudukman” ստուդիան, որը զբաղվում է դուդուկի և մյուս հայկական փողային նվագարանների դասավանդմամբ և ժողովրդականության պահպանմամբ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Ստուդիայում սովորում են տարբեր ազգության և տարբեր տարիքի երաժիշտներ։ Այս գործունեության շրջանակներում 2008 և 2012թթ. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում նա կազմակերպել է դուդուկի փառատոններ, որի համար արժանացել է նախարարության հատուկ շնորհակալագրին։

Էմմանուել Հովհաննիսյանը վարպետության դասերով է հանդես եկել Վիեննայի, Կլագենֆուրտի կոնսերվատորիաներում, Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում և այլ երաժշտական հաստատություններում։
Որպես նվագախմբային երաժիշտ՝ Էմմանուել Հովհաննիսյանը մեծ փորձառություն ունի և բազմիցս հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում ոչ միայն հայաստանյան համերգներին, այլև հյուրախաղերի շրջանակներում այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են․ «Մյուզիքֆերայն» (Վիեննա, Ավստրիա), «Բրուքներհաուս» (Լինց, Ավստրիա), Դուբայի օպերային թատրոնում (ԱՄԷ) և այլ։ Էմմանուել Հովհաննիսյանը համերգներով հանդես է եկել նաև «Էլբֆիլհարմոնիա» (Համբուրգ, Գերմանիա), «Մյուզիքգեբաու» (Ամստերդամ, Նիդերլանդներ), «Բոզար» կենտրոնի համերգասրահում (Բրյուսել, Բելգիա), «Գյուլբենկյան» կենտրոնի համերգասրահում (Լիսաբոն, Պորտուգալիա), Սան Պաուլոյի համերգասրահում (Սան Պաուլո, Բրազիլիա) և այլ հանրահայտ համերգային դահլիճներում։

Էմմանուել Հովհաննիսյանը պահանջված մենակատար է արտերկրում և հանդես է եկել Եվրոպայի և Ասիայի հայտնի այնպիսի փառատոններում, ինչպիսիք են «Ռուդոլշտատ փառատոն» (Ռուդոլշտատ, Գերմանիա), Holland Festival (Ամստերդամ, Նիդերլանդներ), Morgenland Festival (Օսնաբրյուկ, Գերմանիա), Beiteddine Art Festival (Բեյրութ, Լիբանան), Բաալբեքի երաժշտական փառատոն (Բաալբեք, Լիբանան), և այլն։ Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիայի կատարմամբ (որի նվագախմբի կազմում ներառված են երկու զուռնա և դուդուկ) հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ։ Էմմանուել Հովհաննիսյանը մենահամերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Մոնղոլիայում, Լիբանանում, Ռուսաստանի Դաշնությունում՝ բազմապատկելով հայ կոմպոզիտորական արվեստի համբավն աշխարհի տարբեր կողմերում։ Նրա կատարմամբ բազմիցս հնչել են կոմպոզիտորներ Հենրիկ Անասյանի Դուդուկի կոնցերտը և Վաչե Շարաֆյանի «Դուդուկ և ջութակ» կոնցերտը։ Էմմանուել Հովհաննիսյանն իրականացրել է հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործությունների պրեմիերաներ։  

Էմմանուել Հովհաննիսյանը հետաքրքրված է նաև կամերային երաժշտությամբ։ Նա «Նաղաշ» և «Գյուրջիև» անսամբլների հիմնական կազմում է՝ դրանց հիմնադրումից ի վեր և համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում՝ յուրահատուկ ձեռագրով ներկայացնելով հայ ազգային երաժշտությունը և կատարողական արվեստը։

Համագործակցելով Գյուրջիև անսամբլի հետ՝ Էմմանուել Հովհաննիսյանն իր հատուկ մասնակցությունն է ունեցել ECM Records-ի կողմից թողարկված երկու ձայնասկավառակների ձայնագրման գործում, որոնք արժանացել են “Edisson Award” պատվավոր մրցանակին։ Էմմանուել Հովհաննիսյանը հանդես է գալիս “Anton Pan” անսամբլի կազմում, որը կատարում է կոմպոզիտոր Դմիտրի Կանտեմիրի երաժշտությունը և Օսմանյան կայսրության մեջ ապրած ժողովուրդների երաժշտությունը։ Էմմանուել Հովհաննիսյանը համագործակցում է նաև “Roots Revival” անսամբլի հետ, որի համերգացանկը հարուստ է տարբեր ժողովուրդների ազգային երաժշտության նմուշներով, իսկ անսամբլի կազմում հավաքված են երաժիշտներ Իսպանիայից, Իրանից, Թուրքիայից, Բուլղարիայից, Ռումինիայից և Մեծ Բրիտանիայից: Ի դեպ, ստեղծագործությունների գործիքավորումների մի մասը իրականացնում է հենց ինքը՝ Էմմանուել Հովհաննիսյանը։ Սակայն այսքանով չի ավարտվում դուդուկահարի համագործակցությունների ցանկը, դրանք բազմաթիվ են` “Armenian Spirit” բենդ, “The Cats” բենդ, “Van” կվարտետ, «Կարեն Ասատրյան և Էմմանուել Հովհաննիսյան» դուետ, “Sound Affinities” անսամբլ և այլք։

Համագործակցություններից բացի, Էմմանուել Հովհաննիսյանն ունի իր ստեղծած երաժշտական նախագծերը՝ «Շերամ» անսամբլը, որ ներկայացնում է հայ աշուղական երաժշտությունը՝ սկսած 15-րդ դարից։ Իր կարճ գործունեության ընթացքում անսամբլը հասցրել է բազմաթիվ համերգներով հանդես գալ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլ նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար։ Կարևորելով ազգային փողային նվագարանների օգտագործումը ջազային արվեստում և, հատկապես, էթնոջազ ուղղության մեջ՝ 2015թ. Էմմանուել Հովհաննիսյանը ստեղծում է “Emmanuel Hovhannisyan & Emotion Band” էթնո-ջազ քառյակը։ Խմբի երկացանկում մեծ մասամբ ներառված են նրա ստեղծագործությունները` գրված հատուկ այս նախագծի համար։ 2021թ. լույս կտեսնի “Emmanuel Hovhannisyan & Emotion Band - Crossroads” ձայնասկավառակը, որը թողարկում է “Global Music” ընկերությունը։

Դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը ստեղծագործական գործունեության ընթացքում խոշոր նշանակության յուրօրինակ աշխատանք է իրականացրել ազգային գործիքագիտության ոլորտում։ Նա ստեղծել է յուրօրինակ բաս դուդուկ, որն իր նախորդ տարատեսակներից տարբերվում է դասական և գործնականում ավելի կիրառելի ապլիկատուրայով և հնարավորություն է ընձեռում կատարողին այդ գործիքով հանդես գալ որպես մենակատար՝ բացահայտելով դուդուկի հնչերանգային նոր հնարավորությունները՝ միաժամանակ հավատարիմ մնալով դուդուկի ավանդական ապլիկատուրային։ Այս նորահայտ դուդուկով Էմմանուել Հովհաննիսյանը ձայնագրել է մի շարք ստեղծագործություններ, որոնցից շատերն իր հեղինակային ստեղծագործություններն են` գրված հատուկ նոր բաս դուդուկի համար: 

Էմմանուել Հովհաննիսյանի մասնակցությամբ թողարկվել են 20-ից ավելի ձայնասկավառակներ այնպիսի հայտնի ձայնագրության պիտակների կողմից, ինչպիսիք են ECM Records, Sony Records, Naxos Records, Mosfilm Records ընկերությունները։

Էմմանուել Հովհաննիսյանը հայ ազգային երաժշտության տարածման, ինչպես նաև Հայաստանում դուդուկի փառատոն կազմակերպելու համար 2012թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պարգևի։


Սարգիս Բալբաբյան
Արվեստագիտության թեկնածու,
Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախմբի տնօրեն

Այլ երաժիշտներ