Անցնել բովանդակությանը
Գեղունի Չթչյան

Գեղունի Չթչյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը ծնվել է 1929 թ. Գյումրիում: 1940 թ-ից ուսանել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում: 1953 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.՝ Գրիգոր Եղիազարյան):  

Հեղինակ է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ, խմբերգային ստեղծագործությունների, որոնք հնչել են Հայաստանի, ԽՍՀՄ կոմպոզիտորական համագումարների, պլենումների համերգներին: Հայ երաժշտական արվեստը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Բուլղարիայում: Ունեցել է հեղինակային կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների համերգներ Երևանում, Հայաստանի քաղաքներում, Մոսկվայում, Սան Ֆրանցիսկոյում, Ռիգայում: Մամուլում հանդես է եկել հոդվածներով, գրախոսականներով, հուշերով:  

Գ․ Չթչյանի գիտամեթոդական աշխատությունների թվում են Երաժշտւթյան դասագիրք հանրակրթական դպրոցների 5-6 դասարանների համար (համահեղինակներ՝ Մ. Մազմանյան, և Յու. Յուզբաշյան), հրատարակվել է 11 անգամ, Ուսումնական ձեռնարկ «Խմբերգային վերադաշնակում հայ դասական և արդի երաժշտության հիման վրա» մեթոդական բաժիններով ուսումնական ձեռնարկը (ձեռագիր) և Հայ կոմպոզիտորների ժող. գործիքների պարտիտուրների ժողովածու (2 հատոր) «Պարտիտուրի վերլուծում և ընթերցում» առարկայի ձեռնարկը (ձեռագիր)։

Համամիութենական, հանրապետական 40-ից ավելի կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր է: Արժանացել է ԽՍՀՄ Մշակույթի նախարարության, ԽՍՀՄ արհմիության կոմիտեի, Լատվիայի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և այլ հանրապետությունների մշակութային կամզակերպությունների և զինվորական մասերի, Երևան քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների, զինվորական մասերի և այլ կազմակերպությունների 30-ից ավելի պատվոգրի:

Այլ երաժիշտներ