Կենսագրություն
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 1999-2004թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Սերգեյ Դանիելյանի դասարանում: 2000թ. մասնակցել է Ա. Իսահակյանի անվան 6-րդ հանրապետական մրցույթին և դարձել դափնեկիր: 2003-ից մինչ օրս աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: 2004թ. դեբյուտով հանդես է եկել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում (Մոսի): 2005թ. Մոսկվայում կայացած բանակի միջազգային մրցույթին զբաղեցրել է 1-ին տեղը, ապա կատարել է Ալեկոյի դերերգը` Ռախմանինովի համանուն օպերայում և մասնակցել է Բրահմսի Ռեքվիեմում` որպես մենակատար:
2007թ. արժանացել է ՀՀ նախագահի «Դասական երաժշտության բնագավառում» երիտասարդական մրցանակին:
2008-2010թթ. հյուրախաղերով եղել է Իտալիայում, Սանկտ Պետերբուրգում, Իսպանիայում: Հանդես է եկել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմահարթակներում, համագործակցել է բազմաթիվ հանրահայտ երաժիշտների, երգիչների և դիրիժորների հետ:
2013թ. հանդես է եկել նաև դիրիժոր Վալերի Գերգիևի հետ՝ մասնակցելով «Շալյապինին անվան 31-րդ օպերային փառատոն»-ի փակման գալա-համերգին, որտեղ ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի առաջատար արտիստների և նվագախմբի հետ: Նույն թվականին հրավիրվել է հանդես գալու որպես Պլասիդո Դոմինգոյի փոխարինող Ֆրանչեսկո Ֆոսկարիի դերերգում՝ Ջ. Վերդիի «Երկու Ֆոսկարի» օպերայում, իսկ 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին Պ. Դոմինգոյի հետ երգել է Ջ. Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում՝ կերտելով Պաոլո Ալբիանիի դերը (Սոֆիա Թագուհու արվեստների պալատ, Վալենսիա, Իսպանիա): Աշխատել է այնպիսի մեծանուն ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Ջանկարլո դել Մոնակոն, Էյմունտաս Նեկրոշիուսը, Մարիո Կորադին, Իռկին Գաբիտովը, Վիլլի Լանդին, Լորենցո Մարիանին և ուրիշներ:
Թողարկել է «Հայ դասական ռոմանսներ» խորագրով ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են Ռոմանոս Մելիքյանի, Էդվարդ Միրզոյանի, Վաղարշակ Կոտոյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
2010թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2015թ-ից՝ դոցենտ):
2008թ. Մոսկվայում արժանացել է Պ. Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային մրցույթի ոսկե մեդալին և 1-ին մրցանակին, 2011թ.՝ Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Ոսկե ձայն» մրցանակին և ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն օպերային դերասան» մրցանակին:
2011թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման: