Կոմպոզիտոր, դիրիժոր, թավջութակահար, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1963 թ. հունիսի 15-ին՝ Երևանում: 1981-1985 թթ.սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի թավջութակի դասարանում (ղեկ.` Ալեքսանդր Չաուշյան): 1982-1983 թթ. ստացել է դիրիժորության դասեր Վալերի Գերգիևից: 1983-1988 թթ. ուսանել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Էդվարդ Միրզոյան): 1990-1996 թթ. եղել է «Փյունիկ» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավարը: 1993 թ. համերգներով հանդես է եկել Շվեյցարիայում, 1995 թ.` Ֆրանսիայում: 1991-1994 թթ. վարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը: 2005թ. ղեկավարել է Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը, որի հիման վրա հիմնել է հայ միջնադարյան երաժշտության «Օշական» համույթը: Այն մեծ ճանաչում ստացավ Եվրոպայի հնագույն երաժշտության սիրահարների շրջանակներում, ունենալով բաձառիկ ելույթներ Փարիզի «Radio France»-ում, Մոնակոյի կենտրոնական տաճարում, Մարսելի «La Majeur» տաճարի բացմանը, Thoronet, Pontoise փառատոններում, Stimmenfestivale և այլուր։ 2013 թ-ից մինչ օրս «Les Violons d’Arménie» լարային հնգյակի գեղարվեստական ղեկավարն է և մենակատարն է: Հնգյակում ընդգրկված են նոր հայկական լարային նվագարաններ: Նվագացանկը ներառում է հայկական, եվրոպական բարոկո և ռոմանտիկ երաժշտություն: 1993թ. հայ անվանի վինագործ Մարտին Երիցյանի օգնությամբ ստեղծել է հայ նվագարանի մի նոր տեսակ՝ թավ քեմանի կամ հայկական վիոլա, որն ունի հայ հոգևոր երաժշտությանը բնորոշ ինքնատիպ հնչողություն: Այս նվագարանով աշխարհի հայտնի բեմերում հնչել են մեր միջնադարյան երաժշտության այնպիսի գոհարներ, ինչպիսին են՝ Նարեկացու «Գոհար վարդ» և «Աչքն ծով» տաղերի մշակումները, Մաշտոցի Ապաշխարութեան սաղմոսները և այլն: 2000 թ-ից մինչ օրս հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում` Ֆրանսիայում` Radio France, Institut du Monde arabe, Դիժոնի «Աշխարհի հոգևոր երաժշտություն» փառատոնում, «Thoronet», «Pontois» փառատոնում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում (Քվեբեկի հոգևոր երաժշտության փառատոն), Մարոկոյում և Իրանում: Որպես դիրիժոր` համագործակցում է տարբեր նվագախմբերի և երգչախմբերի հետ, կատարում է իր նոր ստեղծագործություններն ու մշակումները` հիմնված հայ միջնադարյան երաժշտության վրա. Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Օպերային թատրոնի սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր, «Պառնասուս» անսամբլ (Նիդեռլանդներ), VivaVoce երգչախումբ (Մոնրեալ), Մոնկտոնի համալսարանի երգչախումբ (Կանադա) և այլն: