Կենսագրություն
Հայկ Կազազյանը ծնվել է 1982 թվականին՝ Երևանում։ 1989 թվականին ընդունվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց (Լևոն Զորյանի դասարան)։ 1996-ին տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Գնեսինների անվան Մոսկվայի հատուկ երաժշտական դպրոցում՝ Էդուարդ Գրաչի մոտ (1996–2000) և Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայում (2000–2006), ինչպես նաև Լոնդոնի Երաժշտության թագավորական քոլեջում՝ Իլյա Ռաշկովսկու մոտ (2006–2008):
Հենրիխ Վիենյավսկու անվան ջութակահարների միջազգային մրցույթի (Պոզնան, 2001; 3-րդ մրցանակ և հատուկ մրցանակ), Չայկովսկու անվան միջազգային մրցույթի (Մոսկվա, 2002; 4-րդ մրցանակ և երեք հատուկ մրցանակ) և Լոնգ Թիբո միջազգային մրցույթի (Փարիզ, 3-րդ տեղ և հանդիսատեսի համակրանք, 2005) մրցանակակիր է։ 2004 թվականին նա ստացել է ոսկե մեդալ և հանդիսատեսի համակրանքի մրցանակ Սիոնում (Շվեյցարիա) անցկացվող Թիբոր Վարգա ջութակահարների միջազգային մրցույթում, իսկ 2007-ին նա արժանացել է ոսկե մեդալի և հանդիսատեսի մրցանակի՝ Տոնգյոնգի (Հարավային Կորեա) Յուն Իսանգ ջութակի միջազգային մրցույթում։ 2011 թվականին Բուխարեստում հաղթել է Ջորջ Էնեսկուի անվան ջութակահարների միջազգային մրցույթում, իսկ 2015 թվականին՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի և բրոնզե մեդալի։
Նա ելույթ է ունեցել այնպիսի հայտնի համերգասրահներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի Քարնեգի Հոլը, Բեռլինի ֆիլհարմոնիան, Ժնևի Վիկտորիա Հոլը, Լոնդոնի Բարբիկան Հոլը և Ուիգմոր Հոլը, Փարիզի Theatre du Châtelet և Salle Gaveau, Էդինբուրգի Աշեր հոլը, Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր և Ռախմանինովի դահլիճները, Չայկովսկու համերգասրահը, Մոսկվայի կատարողական արվեստի միջազգային կենտրոնը, Կրեմլի պետական պալատը և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը: Մասնակցել է Սիոնի և Վերբիեի փառատոներին, ինչպես նաև Աստղերը Բայկալում, Կրեշչենդո, Արվեստի հրապարակ և Երաժշտական Կրեմլ փառատոներին:
Հանդես է եկել Շոտլանդիայի թագավորական ազգային նվագախմբի, Մարիինյան նվագախմբի, Ռուսաստանի ազգային նվագախմբի, Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Իռլանդական ազգային նվագախմբի, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (Սվետլանովի սիմֆոնիկ նվագախումբ) և Մյունխենի կամերային նվագախումբը։
Համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Ֆեդոսեևը, Ալեքսանդր Լազարևը, Էնդրյու Լիտոնը, Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Պոլյանիչկոն, Ալան Բուրիբաևը, Ջոնաթան Դարլինգթոնը, Պավել Կոգանը, Վլադիմիր Զիվան, Դենիս Մացուևը, Էլիսո Վիրսալաձեն, Ֆրեդի Քեմփֆը, Ալեքսեյ Լուբիմովը, Ալեքսանդր Կոբրինը, Վադիմ Խոլոդենկոն, Նատալյա Գուտմանը, Ալեքսանդր Կնյազևը, Ալեքսանդր Ռուդինը, Բորիս Անդրիանովը, Ալեքսանդր Բուզլովը և այլոք։
2010 թվականին նա դաշնակահար Անդրեյ Շիբկոյի հետ թողարկել է «Opera Fantasies» (Delos) ալբոմը, իսկ 2017-ին դաշնակահար Ֆիլիպ Կոպաչևսկու հետ՝ Գրիգի ջութակի սոնատներերի ալբոմը։ 2002թ.-ից Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար էր, 2008թ.-ից դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի բաժնում։