Հարություն Դելլալյան - Armenian National Music (anmmedia.am)
Հարություն Դելլալյան

Կոմպոզիտոր

Օգս 08 1937 Ապր 23 1990

Կոմպոզիտոր Հարություն Դելլալյանը ծնվել է Աթենքում (Հունաստան), 1937թ. հունիսի 10-ին, որտեղ և ուսանել է տեղի հայկական դպրոցի տարրական դասարաններում։ 1947 թ. ծնողների հետ ներգաղթել է Հայաստան։ Դժվարին մանկությունն ու պատանեկությունը նրան հնարավորություն չեն ընձեռել ստանալ երաժշտական կրթություն, ուստի արվեստի հանդեպ ունեցած սերը և տաղանդը դրսևորում էր բանաստեղծությունների և կտավների միջոցով։ 1968 թ. (31 տարեկանում) ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժինները (Էդվարդ Միրզոյանի դասարան)։ 1972 թ. ավարտելով ուսումնարանը, ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը (Էդուարդ Բաղդասարյանի դասարան)։ Ավարտելուց անմիջապես հետո՝ 1979 թ. դառնում է Կոմպոզիտորների միության անդամ։

Դեռ ուսման տարիներից կոմպոզիտորը ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում, որոնք կատարվում էին համերգներում և Կոմպոզիտորների միության համագումարներում։
1985 թ. առաջին անգամ «Նվիրում Կոմիտասին» սոնատով նրա ստեղծագործությունները սկսեցին հնչել միջազգային բեմերից։ Դաշնակահար Հարություն Փափազյանի կատարմամբ այն հնչեց Նյու-Յորքի Քարնեգի համերգասրահում և պսակվեց մեծ հաջողությամբ։ 1986 թ. Բոստոնի Sinfonova կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի խնդրանքով գրում է «To-pophono» կոնցերտը, որի առաջին կատարումը տեղի ունեցավ Բոստոնի Jordan Hall համերգասրահում։ 1987թ. Կալիֆորնիայի Կինոյի եւ հեռուստատեսության խորհրդի կողմից պարգևատրվում է SUPER STAR եւ Ոսկե փառապսակով։ Կամերային նվագախմբի համար գրված «To-pophono» կոնցերտը ճանաչվում է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված, ինչպես նաև տարվա լավագույն ստեղծագործությունը։

Հարություն Դելլալյանի ստեղծագործական կյանքը եղավ բավականին կարճ՝ ընդհամենը 13 տարի։ Ստեղծագործությունների թիվը մեծ չէ։ Կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններից են թավջութակի և դաշնամուրի, ջութակի և դաշնամուրի սոնատները, ֆագոտի «Medium» սոնատը, կլարնետի և դաշնամուրի համար գրված «Meditati-on»-ը, երգեհոնի համար` «Հաղթական Ռեքվիեմը», «Երբ իջնում է մթնշաղը» վոկալ շարքը, «Լռության րոպե» a capella կանանց երգչախմբի համար, «Հուշարձան նահատակներին» կանտատ-ռեքվիեմը, «To-pophono» կոնցերտը` գրված կամերային նվագախմբի համար, ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար՝ «Ecloga» կոնցերտը, երեք սիմֆոնիաները, «Մահ» սիմֆոնիկ պոեմը և այլն: Նրա ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իտալիայում, Անգլիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Կանադայում և այլուր։ Դրանք կատարել են մի շարք պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնցից են Պերճ Ժամկոչյանը, Էմիլիո Պոմարիկոն, Արամ Ղարաբեկյանը, Զոլթան Պեշկոն, Վահագն Ստամբուլցյանը, Հասմիկ Պապյանը, Լևոն Մուրադյանը, Հայկ Մելիքյանը, Ջորջ Տրինդադը, Ժոակիմ Ռիբեիրոն, Վաչե Շարաֆյանը, Վահան Մարտիրոսյանը, կոմպոզիտորի դուստրերը՝ Նարինե և Մարինա Դելլալյանները և այլոք։

Արդեն երկար տարիներ է, ինչ գործում է «Դելլալյան» տրիոն, որի կազմում կոմպոզիտորի դուստրերն են՝ Նարինե (ջութակ) ու Մարինա (դաշնամուր) Դելլալյանները թավջութակահար Լևոն Մուրադյանի հետ։ Կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը նվիրված նկարահանվել են «Հարություն Դելլալյան» (հեղինակ՝ Արթուր Բախտամյան) և «Հարություն» (հեղինակ՝ Արայիկ Մանուկյան) վավերագրական ֆիլմերը: Նրա երաժշտությունը օգտագործվել է տարբեր ֆիլմերում, որոնցից են «Կարճ հաղորդագրություն» (հեղինակ՝ Վարդան Դանիելյան), «Երկիր Նաիրի», «Հեկատոմբ» (հեղինակ՝ Արթուր Բախտամյան), «Վազգեն Սարգսյան» (հեղինակ՝ Արայիկ Մանուկյան), «Լևոն Ներսիսյան» (հեղինակ՝ Արայիկ Մանուկյան), «Արտավազդ Փելեշյան» (հեղինակ՝ Հրանտ Վարդանյան) ֆիլմերը։ «Նվիրումի հնչյուններ» գիրքը (հեղինակ՝ Նարինե Դելլալյան) տարբեր ժամանակներում կոմպոզիտորի ստեղծագործությունների մասին գրված հոդվածներից, հարցազրույցներից, նամակներից բաղկացած ժողովածու է։

Հարություն Դելլալյանը կյանքից հեռացել է 1990 թ., 53 տարեկան հասակում: