Կենսագրություն
Դաշնակահարուհի Հասմիկ Մանուկյանն իր նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ուսանելով պրոֆ. Սուրեն Զաքարյանի և Սուսաննա Երիցյանի դասարաններում:
Առնո Բաբաջանյանի և Էմին Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթների դափնեկիր է:
2010 թ. կայացած Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան նվագակցողների հանրապետական մրցույթում նվաճելով դափնեկրի կոչում` Հասմիկն ընտրում է դաշնամուրային նվագակցությունն ու կամերային անսամբլը` որպես մասնագիտական ուղի:
2012 թ. Բելգիա տեղափոխվելուց հետո նա ավարտում է Լյուվենի Կաթոլիկ Համալսարանի կազմի մեջ մտնող Լեմմենսինստտուտը (Ալան Վեյսսի դասարան), այնուհետև կատարելագործում է իր` դաշնամուրային նվագակցողի և կամերային երաժշտի հմտությունները` ավարտելով Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (Ան Օպ դե Բեկի և Ինգա Սպինետի դասարաններ):
2008 թ. իր ապագա ամուսնու` ԵՊԿ լարային բաժնի ուսանող Հրայր Կարապետյանի հետ Հասմիկը հիմնում է «Art Of Duo» նախագիծը: Նախագծի առաջին ձայնասկավառակը լույս է տեսել 2014 թ. և 2017 թ. առաջադրվել Հայաստանում կայացած «Ծիծեռնակ մրցանակաբաշխությանը որպես լավագույն ձայնասկավառակ դասական երաժշտության բնագավառում: Դուետի երկրորդ ձայնասկավառակը` «Հին ու նոր Հայաստան» խորագրով, թողարկվել է 2021 թ. փետրվարի վերջին: Այս տարի դուետը ձայնագրելու է ևս 3 ձայնասկավառակ: Դուետը նախատեսում է համերգով հանդես գալ Հայաստանում 2021 թ.: Հասմիկ Մանուկյանը հանդիսանում է նաև «Կարապետյան եղբայրներ» նախագծի դաշնակահարը:
Հասմիկ Մանուկյանը պահանջված դաշնամուրային նվագակցող և կամերային երաժիշտ է: Նա համերգներով շրջագայել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում` հանդես գալով այնպիսի համերգասրահներում, ինչպիսիք են Ֆլաժե (Բրյուսել), Ամուզ (Անտվերպեն), Բեսեդնի Դում (Բռնո), Թագուհի Ելիզավետտա (Լոնդոն), Քերրի Թաուն (Էնն Արբոր), Լիեժի ֆիլհարմոնիկ դահլիճ (Լիեժ) և այլն:
Մասնակցել է վարպետության դասերի այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Գայ Բրաունշտեյնը, Չայն Տաուբը, Դմիտրի Սիտկովեցկին, Ելիզաբետտե Անդրեանին, Ուբալդո Ֆաբրին, Վալերի Գյուլլորին և այլն: 2015 և 2017 թթ. նա համագործակցել է նաև որպես դաշնամուրային նվագակցող Արթուր Գրյումոյի և Լեոնիդ Կոգանի անվան ջութակահարների միջազգային մրցույթների հետ (Նամյուռ և Բրյուսել): Հասմիկը համագործակցում է նաև «dakAdemy» վարպետության դասերի հետ, որի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր Լեոնիդաս Կավակոսի, Զախար Բրոնի, Նինգ Ֆենգի, Դմիտրի Սիտկովեցկու, Պավել Վերնիկովի, Լևոն Չիլինգարյանի, Ալեքսանդր Չաուշյանի և այլոց հետ:
Պարբերաբար համագործակցելով որպես դաշնամուրային նվագակցող Լեմմենսինստտուտի, Բրյուսելի, Նամյուռի, Մոնսի և Լիեժի թագավորական կոնսերվատորիաների հետ` Հասմիկ Մանուկյանն ունի մասնագիտական դասարաններ Լյուվենի և Զավենտեմի պետական երաժշտական ակադեմիաներում: