Կենսագրություն
Սոպրանո Հասմիկ Թորոսյանը 2004թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (դաս. Թ. Համբարձումյան): 2010թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիան (պրոֆ. Գ.Գեղամյան): 2004-2009թթ. երգել է սուրբ Գեղարդավանքի երգեցիկ խմբում` ներկայացնելով հայկական հոգևոր և ժողովրդական երաժշտություն: 2011 թ.-ից հանդիսանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: 2012թ Հասմիկ Թորոսյանը հրավիրվել է ԱՄՆ (Միննեսսոտա)` կատարելու Նեդդայի դերերգը ` Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայում` «Հարավային լույսեր» երաժշտական փառատոնում:
2013թ. Հասմիկ Թորոսյանն իր առաջին բեմելն է կատարել Բրիտանական Գլայնբուրն օպերային թատրոնում, որտեղ հրավիրված էր երգելու Նորինայի դերերգը «Դոն Պասկուալե» և Ադինայի դերերգը Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերաներում: 2014թ. Հասմիկ Թորոսյանը հրավիրվել է Իտալիա` ուսանելու Ռոսսինիի ակադեմիայում` մաեստրո Ալբերտո Զեդդայի ղեկավարությամբ: Եվ հենց Ռոսսինիի ծննդավայր Պեզարո քաղաքում էլ կատարել է իր առաջին իտալական բեմելը Կորինայի դերերգով «Ճանապարհորդություն դեպի Ռեիմս» օպերայում ` Ռոսսինիի անվան օպերային թատրոնում: Չանցած մեկ ամիս Հասմիկը ստացավ նոր հրավեր Մաեստրո Ձեդդայի և «Ռոսսինի Օպերա Փառատոն» - ի կողմից, հանդես գալու Լիզետայի դերերգով Ռոսսինիի «Լա Գազետա» օպերայում ( Պեզարո, Իտալիա) 2015 թ․: 2015 թ. Հրավերով հանդես է եկել Նոր Զելանդիայի «Ֆեստիվալ օպերա» փառատոնում Ադինայի դերերով Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում:
2015 թ. Հասմիկ Թորոսյանը պատիվ է ունեցել ելույթ ունենալու «Փարիզի Ազգային Նվագախմբի» հետ, աշխարհահռչակ դիրիժոր Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ, որտեղ համերգային կատարումով հանդես է եկել Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում` Մարֆայի դերերգով (Ֆրանսիա, Փարիզ) :
2015 թ. Հայոց Ցեղասպանության 100 ամյակի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանդես է եկել Մոցարտի «Ռեքֆիեմ» -ով Ռուսաստանի Ագային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ ` Մաեստրո Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ ( Երևան)։ 2013թ. պատիվ է ունեցել լինելու Տ. Մանսուրյանի հեղինակած առաջին հայկական ռեքֆիեմի հայաստանյան պրեմիերայի կատարողը:
Վարպետության դասընթացներ է անցել այնպիսի աշխարհահռչակ երգիչների մոտ, ինչպիսիք են` Թերեզա Բերգանցան, Միրելա Ֆրենին, Գրեիս Բամբրին և Խուան Դիեգո Ֆլորեսը:
2008թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի` ոսկե մեդալի: 2009թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի` ոսկե մեդալի: 2010թ. Մոսկվայում տեղի ունեցած 16-րդ «Գեղեցիկ ձայն» միջազգային մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի: 2011թ. Հռոմում կայացած ,,Musica Sacra” միջազգային մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի ` ներկայացնելով նաև հայ հոգևոր երաժշտություն:
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ- ում (Միննեսոտա),, Հարավային Ամերիկայում (Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ), Հարավային Կորեայում, Չեխիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արաբական Էմիրություններում (Դուբայ), Լիբանանում, Թուրքիայում: