Անցնել բովանդակությանը
Հայկ Մելիքյան

Հայկ Մելիքյան

Կոմպոզիտոր · Դաշնակահար

Կենսագրություն

Հայկ Մելիքյանը միջազգայնորեն ճանաչված է որպես 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ամենաբազմակողմանի ու երևակայությամբ հարուստ կատարողներից մեկը, ինչպես նաև մեր օրերի ամենագրավիչ վիրտուոզ դաշնակահարներից մեկը՝ դասական երաժշտության ունկնդիրների և քննադատների կողմից։ Նա սկսել է դաշնամուր նվագել վեց տարեկանում՝ Իրինա Գրիշինսկայայի մոտ։ Հետագայում նա շարունակել է իր մասնագիտական ուսումը պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հետ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ նաև ուսումնասիրել է կոմպոզիցիա՝ Վարդան Աճեմյանի հետ։ Ուսման ընթացքում նա վարպետության դասեր է առել Օքսանա Յաբլոնսկայայից, Բրիժիտ Էնգերերից, Պաուլ Բադուրա-Սկոդայից, Էռլ Ուայլդից և Ֆու Ցոնգից։ Հայկ Մելիքյանի միջազգային համերգային դեբյուտը կայացել է 2000 թվականին Հռոմում՝ 20-րդ դարի երաժշտության «Concerto di Concerti» միջազգային փառատոնում։ Նա վարում է ակտիվ համերգային կյանք՝ նվագելով Եվրոպայում, Ասիայում և Ամերիկաներում այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Ժնևի «Վիկտորիա Հոլը», Լիսաբոնի Գյուլբենկյան մեծ դահլիճը, Ամստերդամի «Կոնսերտգեբաուն», Աթենքի և Սալոնիկի Մեգարոնները և այլն։

Հայկ Մելիքյանը միջազգային դաշնամուրային մրցույթների դափնեկիր է, ինչպիսիք են Օռլեանի մրցույթը (Ֆրանսիա), Իբլայի Գրան պրին (Իտալիա), Նոր երաժշտության Իվար Միխաշոֆ հիմնադրամի մրցույթը (ԱՄՆ), Վալենտինո Բուկկիի մրցանակը (Իտալիա) և այլն։ Հայկական երաժշտական համաժողովը 2008 թվականին Հայկ Մելիքյանին պարգևատրել է հարգարժան Կոմիտասի մեդալով, իսկ Մոսկվայի կոմպոզիտորների միությունը 2012 թվականին դաշնակահարին շնորհել է Ոսկե մեդալ՝ համաշխարհային ժամանակակից երաժշտության ոլորտում իր ունեցած ներդրման և այն հանրայնացնելու համար։ 2013 թվականին Հայկ Մելիքյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը։ 2025 թվականին Հայաստանի նախագահի կողմից Հայկ Մելիքյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ որպես մշակութային նվաճումների համար պետական բարձրագույն պարգև։ BBC երաժշտական ամսագիրը Հայկ Մելիքյանին անվանել է «Երաժշտական հերոս՝ ժամանակակից երաժշտության տարածման համար»։ Նրա մենակատարային ալբոմները թողարկվել են այնպիսի հայտնի ձայնագրման ստուդիաների կողմից, ինչպիսիք են «Նաքսոս»-ը, «Կայռոս»-ը, «Ազուր Սքայ»-ը, «Դոնեմուս»-ը և այլն։ «Նաքսոս Գրանդ Պիանոյի» կողմից թողարկված նրա «Հարությունյան. դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական ժողովածու» սոլո ալբոմը 2018-ի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է որպես տարվա լավագույն դասական երաժշտության ալբոմ։

Նա մեր ժամանակների բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, և տասնյակ գործեր գրվել են հատկապես Հայկ Մելիքյանի համար։ 2009 թվականին այս գործունեությունը դաշնակահարին մղեց ստեղծել «1900+» անվամբ համերգաշարը, որը նվիրված է 20-րդ դարի և համաշխարհային ժամանակակից դաշնամուրային երաժշտությանը։ 2020 թվականի հուլիսին Հայկ Մելիքյանը նախաձեռնեց նոր ծրագիր՝ «2000+» անվամբ, որի նպատակն է տարածել բացառապես մեր ժամանակների երաժշտությունը։ 2024 թվականին, «1900+»-ի 15-ամյակի կապակցությամբ, Հայկ Մելիքյանն արժանացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալին։

Հայկ Մելիքյանը պարբերաբար դաշնամուրի վարպետության դասեր է անցկացնում ամբողջ աշխարհում և ելույթ է ունենում Վալմանի (Ֆրանսիա), Կոտ դը Նակրի (Ֆրանսիա), O/MODƏRNT (Շվեդիա), Վարշավայի Արվեստի թագավորական կամարների (Լեհաստան), Սան Լեոյի երաժշտական (Իտալիա), Բաաբդաթի «Les Musicales» միջազգային երաժշտական (Լիբանան), Պենդերեցկու Ժամանակակից դասականների, Երևանի միջազգային երաժշտական և Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոներում (Հայաստան) և այլն։ Դրանցից շատերը կենտրոնացած են ժամանակակից երաժշտության վրա՝ Ֆարոսի ժամանակակից երաժշտության փառատոն (Կիպրոս), Լվովի «Կոնտրաստներ» ժամանակակից երաժշտության փառատոն (Ուկրաինա), Կիևի «ԳոգոլFest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն (Ուկրաինա), Սոֆիայի «ppIANISSIMO» ժամանակակից դաշնամուրային երաժշտության փառատոն (Բուլղարիա), «Nuovi Spazi Musicali» փառատոն (Իտալիա), Օլոմոուցի միջազգային ժամանակակից երաժշտության փառատոն (Չեխիա) և այլն։

Հայկ Մելիքյանը համագործակցել է ականավոր երաժիշտների հետ, ներառյալ թավջութակահարներ Էդգար Մորոյի և Ֆրանչեսկո Դիլլոնի, ջութակահարներ Կրիշտոֆ Բարատիի, Կարոլին Վիդմանի և Հյուգո Տիչիատիի, ինչպես նաև այնպիսի հայտնի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Գյորգի Կուրտագը, Պետերիս Վասկսը, Տիգրան Մանսուրյանը և Քշիշտոֆ Պենդերեցկին։ Որպես մենակատար՝ նա պարբերաբար ելույթ է ունենում այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Լիբանանի և Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սալոնիկի սիմֆոնիկ նվագախումբը, Սիլեզիայի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախումբը՝ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Ջանլուկա Մարչանոն, Ֆիլիպ Ֆորժեն, Դիեգո Մարտին-Էչեբարիան, Հովհաննես Չեքիջյանը, Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը և շատ ուրիշներ։

Որպես կոմպոզիտոր՝ Հայկ Մելիքյանը դաշնամուրային մենակատարային, կամերային, գործիքային, վոկալ և սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է։ Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրումները (տրանսկրիպցիաները), համերգային պարաֆրազները և գործիքավորումները աշխարհի բազմաթիվ դաշնակահարների երգացանկերում ամենասիրվածներից են։ Հայկ Մելիքյանի ստեղծագործությունները հրատարակվում են «ԲաբելՍքորս» (BabelScores) և «Դոնեմուս» (Donemus) հրատարակչությունների կողմից։

Այլ երաժիշտներ