Կենսագրություն
Հրայր Կարապետյանը ծնվել է Երևանում։
Ավարտելով ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆ. Էդ. Թադևոսյանի դասարանում` երիտասարդ ջութակահար Հրայր Կարապետյանը 2012 թ. տեղափոխվում է Բելգիա, որտեղ շարունակում է ուսումը անվանի երաժիշտներ Իոսիֆ Իվանովի և Ջորջ Տուդոռաչեի դասարաններում:
Հրայր Կարապետյանը բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է: 2015 թ. Բրյուսելում կայացած «Տրիումֆ դե լ'Արտ» միզազգային մրցույթում նա արժանացավ Գրան Պրի մրցանակի: Դեռ ուսանելու տարիներին Հրայրը հաղթողի կոչման է արժանացել Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անվան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան, Լեմմենս երիտասարդ մենակատարների մրցույթներում, ինչպես նաև նվաճել մրցանականեր բազմաթիվ այլ մրցույթներում (Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ – 2012 թ., Հոնդա երիտասարդ երաժիշտների մրցանակ – 2016 թ. և այլն):
Հրայր Կարապետյանը համերգներով շրջագայել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Միացյալ Արաբական Էմիրատներում, Քատարում հանդես գալով այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Ֆլաժե (Բրյուսել), Պալեյ դը Բոզառ (Բրյուսել), Թագուհի Ելիզավետտա (Անտվերպեն), Կոնցերտգեբաու (Բրյուգգե), Կոնցերտհաուս (Բեռլին), Կոնցերտգեբաու (Ամստերդամ), Վիկտորիա Հոլ (Ժնև), Ալտե Օպեր (Ֆրանկֆուրտ), Լիեժի ֆիլհարմոնիկ դահլիճ (Լիեժ) և այլն:
Բացի մենակատարի կարիերայից Հրայրն ակտիվորեն ծավալում է նաև կամերային և նվագախմբային գործունեություն:
2008 թ. իր ապագա կնոջ` ԵՊԿ դաշնամուրային բաժնի ուսանող Հասմիկ Մանուկյանի հետ Հրայրը հիմնում է «Art Of Duo» նախագիծը: Նախագծի առաջին ձայնասկավառակը լույս է տեսել 2014 թ. և 2017 թ. նոմինացվում որպես լավագույն ձայնասկավառակ դասական երաժշտության բնագավառում Հայաստանում կայացած Ծիծեռնակ մրցանակաբաշխությանը: Դուետի երկրորդ ձայնասկավառակը` «Հին ու նոր Հայաստան» խորագրով, թողարկվելու է 2021 թ. փետրվարի վերջին: Այս տարի դուետը ձայնագրելու է ևս 3 ձայնասկավառակ: Դուետը նախատեսում է համերգով հանդես գալ Հայաստանում 2021 թ.:
2015 թ. Հրայր Կարապետյանը հիմնել է «Hayasa music» երաժշտական փառատոնը Բրյուսելում:
2015 թ. երկու եղբայրներ Հրայր և Հենրիկ Կարապետյանները հիմնում են «Կարապետյան Եղբայրներ» նախագիծը, որի շրջանակներում բազմաթիվ համերգներով ներկայանում են ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում:
Հրայրը հանդիսանում է Լիեժի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնական կազմի անդամ, ինչպես նաև Ավետիս փառատոնային նվագախմբի, Բելգիայի վիրտուոզները նվագախմբի, ՀԲԸՄ Լարային անսամբլի, Ֆրասկատի Սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր և մենակատար: Մինչ Բելգիա տեղափոխվելը Հրայրը հանդես է եկել համերգներով Հայաստանի Ազգային Սիմֆոնիկ, Օպերայի և Բալետի նվագախմբերի կազմում, ինչպես նաև հանդիսացել է Երևանի Մենակատարների Պետական Անսամբլի հիմնական կազմի անդամ:
Հրայր Կարապետյանը նվագում է 1720 թ. իտալացի վարպետ Ֆրանչեսկո Գոբետտիի պատրաստած ջութակով: