Անցնել բովանդակությանը
Ժան Տեր-Մերկերյան

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Կենսագրություն

Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։

1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը՝ Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։

Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։
1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։

Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները։

1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից՝ պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։

Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։

Այլ երաժիշտներ