Անցնել բովանդակությանը
Ջուլիետ Գալստյան

Ջուլիետ Գալստյան

Մեցցո-սոպրանո

Կենսագրություն

Մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը երաժիշտների և բալետի պարողների չորրորդ սերունդն է։ Վեց տարեկանից սովորել է Երևանի Պ․ Չայկովսկու անվան դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ուսման տարիներին բազմիցս ելույթ է ունեցել մենահամերգներով, ինչպես նաև ՀԱՖՆ-ի հետ։ 1993-ին սկսել է ակադեմիական երգեցողություն սովորել իր տատիկի՝ ԵՊԿ պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի հետ։ Վերջնականապես ընտրելով ակադեմիական երգեցողությունը, մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, հաղթել հեղինակավոր մրցույթներում․  Maria Callas Grand Prix (Աթենք, Հունաստաբ), Julian Gayarre Competition (Պամպլոնա, Իսպանիա) Viotti Competition (Վերչելլի, Իտալիա)։ 

Իտալիայում նվաճելով առաջին մրցանակը,  նա 1996-ին  առաջին ելույթն է ունենում Թուրինի օպերայում՝ մարմնավորելով Միմիին (La Bohème օպերա): Իտալական դեբյուտից հետո նա ելույթ է ունեցել Վենետիկի «Ֆենիչե», Ժնևի Մեծ թատրոն, Փարիզի Օպերա Բաստիլ, Լոնդոնի «Քովենթ Գարդեն», Ցյուրիխի «Օթերնհաուս» և այլ նշանավոր օպերային թատրոններում, հանդես է եկել հետևյալ օպերաներում` Պուչիննիի «Բոհեմ» (Միմի), Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնություն» (Սուսաննա), «Դոն Ժուան» (Ցերլինա), Հենդելի «Քսերքսես» (Ատլանտա), «Թեոդորա» (Իրեն), Վագների «Պարսիֆալ» (Աղջիկ-ծաղիկ), Լեոնկավալոյի «Պայացներ» (Նեդդա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա) և այլն: Համագործակցել է նշանավոր դիրիժորներ Վ.Սպիվակովի, Վ.Քրիստիի, Մ.Պլասսոնի, Ն.Հարնոնկուրտի, Է.Պիդոյի , Ջ․ Կոնլոնի, Ա․ Ֆիշերի և այլոց հետ:

Բացի օպերաներից, երգչուհին պարբերաբար հանդես է գալիս մենահամերգներով՝ կատարելով գերմանական լիդեր, ռուս, ֆրանսիացի, իսպանացի, իտալացի և հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ։ 

Ջուլիետ Գալստյանը մասնակցել է  Գլյուկի և Հենդելի օպերաների ձայնագրություններին, իսկ 2013-ին ձայնագրել է «Արտիստի դիմանկարը» սկավառակը։ 

2013-ից դասավանդում է Ժնևի կոնսերվատորիայում, վարպետության դասերով հանդես գալիս աշխարհի տարբեր երկրներում և ընդգրկված է միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։ 




Այլ երաժիշտներ