Անցնել բովանդակությանը
Կարեն  Հարությունյան

Կարեն Հարությունյան

Ջութակահար

Կենսագրություն

Կարեն Հարությունյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 18-ին՝ Երևանում։ 1975 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` հռչակավոր ջութակահարԼ. Կոգանի դասարանը, ապա` նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ Համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Համերգներով հանդես է եկել նախկին ԽՍՀՄ երկրներում և Եվրոպայի տարբեր երկրներում՝ Հունգարիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա և այլուր։ Հանդես է եկել աշխարհահռչակ դիրիժորների հետ, այդ թվում՝ Մ. Շոստակովիչ, Գ. Ռոժդեստվենսկի, Վ. Գերգիև, Ա. Դիմիտրիադի և Պ. Լիլյե։ 

1989 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախումբը, որի հետ հանդես է եկել բազմաթիվ համերգներով, կատարել ձայնագրություններ։ 1989 թվականին Բելգիայում կայացած համերգային շրջագայության ժամանակ, Բրյուսելի քաղաքապետարանի և սենատի որոշմամբ Կարեն Հարությունյանին շնորհվել է Բրյուսելի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ համերգներից ստացված ողջ եկամուտը փոխանցվել է Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից տուժածներին։ 1993 թվականին Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայից ստացել է հրավեր և տեղափոխվել է Բելգիա, ուր բնակվում և ստեղծագործում է։ Բրյուսելի և Լյեժի Թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր է, Մոնակոյի և Նիցցայի Ազգային կոնսերվատորիաների հրավիրված պրոֆեսոր։

Կարեն Հարությունյանն այսօր էլ շարունակում է իր ակտիվ համերգային գործունեությունը և ձայնագրման աշխատանքները։ Ելույթ է ունենում բարեգործական համերգներով, որից ստացված հասույթը փոխանցվում է Եվրոպայում գործող հայկական կրթօջախներին։ 

Այլ երաժիշտներ