Կենսագրություն
Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը ծնվել
է 1974 թ. դեկտեմբերի 10-ին, Երևանում, երաժշտական ընտանիքում: Սովորել է Չայկովսկու անվան դպրոցում (Պետրոս Հայկազյանի
դասարան): Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանել է Վիլլի Մոկացյանի
դասարանում: Կատարելագործվել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում՝ պրոֆ. Իգոր
Օյստրախի, Նյու Յորքում՝ Միշա Քեյլինի և Փարիզում՝ Էդուարդ Վուլֆսոնի ղեկավարությամբ:
1997 թ.-ին արժանացել է Բելգիայի Ռադիոյի և հեռուստատեսության
մրցույթի առաջին մրցանակին: Համագործակցել է Գիլբերտ Վարգայի, Յուստուս Ֆրանցի, Ֆրենկ
Շիփուեյի, Կոլյա Բլախերի, Ռուդոլֆ Վերթենի, Քրիստիան Բորի, Ալեքսանդր Մարկովիչի, Պոլինա
Լեշչենկոյի, Ֆրանկ Շպրիգուելի, Ուոլթեր Նոտասի, Օլեգ Պոլյանսկու, Վալերի Օյստրախի
և այլ հայտնի երաժիշտների հետ:
Almazian Symphony նվագախմբի հիմնադիրն է: Sony
Music Entertainment-ի և Ֆրանսիայի ազգային
հեռուստատեսության հետ համատեղ Almazian Symphony նվագախումբը թողարկել է իր առաջին
ալբոմը: 2018 թ.-ին Exit Festival-ում կայացել է Խաչատուր Ալմազյանի և իր նվագախմբի
ելույթը համաշխարհային հեղինակություն վայելող բալետի աստղ Սերգեյ Պոլունինի հետ, գրանցելով 44.000 հանդիսատես:
Խ. Ալմազյանն
իր նվագախմբի հետ ձայնագրել է Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթին» ֆիլմի երաժշտությունը
(կոմպոզիտոր՝ Ստրիբոր Կուստուրիցա) և նույն ֆիլմում նկարահանվել հայտնի դերասանուհի
Մոնիկա Բելուչիի հետ:
Ալմազյանը հանդես է եկել և ձայնագրություններ կատարել
Shanghai Symphony, Ontario Philharmonic, Royal Scottish National Orchestra,
National Orchestra of Belgium, Belgian Radio Philharmonic, Charlemagne
Orchestra, I Fiamminghi, Orchestre Royal de Chambre de Wallonie, Moravian
Philharmonic, Virtousi di Praga, Northern Mexico Philharmonic, Vojvodina
Symphony, Philharmonie der Nationen, Geneva Soloists, Dubrovnik Symphony, «Հայաստանի
վիրտուոզներ» և այլ նվագախմբերի հետ: Ձայնագրել է երկու ալբոմ Sonoris ձայնագրման
ստուդիայում
(ԱՄՆ):
Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, որորնցից
են Rheingau, Schleswig-Holstein, Ost-West-Musicfest, Finca, Van Vlaanders,
Menton և այլն:
Խաչատուր Ալմազյանը նվագում
է Ջուզեպե Գալիանոյի՝ 1774 թ.-ին կերտած ջութակով (Արա Սիմոնյանի անձնական հավաքածուից),
ինչպես նաև Գարնիե ընտանիքի կողմից տրամադրած Gand & Bernardel (1886թ.) ջութակով:
Որպես պրոդյուսեր
Խաչատուր Ալմազյանն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնց թվում արվեստի փառատոներ
են, արհեստական ինտելեկտի զարգացման երաժշտական ստեղծագործություններ և այլն: Խ. Ալմազյանը
եղել է Էմիր Կուստուրիցայի և նրա The No Smoking նվագախմբի հայաստանյան հյուրախաղերի
կազմակերպիչը և պրոդյուսերը: