Անցնել բովանդակությանը
Կոնստանտին  Օրբելյան

Կոնստանտին Օրբելյան

Կոմպոզիտոր

Կենսագրություն

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում։ Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում։ Շնորհալի փոքրիկին ծնողներն ուղարկել են Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցը։ Դժբախտաբար, նա շատ քիչ է սովորել այնտեղ։ Օրբելյանի ծնողները դարձել են ստալինյան արյունալի բռնությունների զոհը։ Հորը ձերբակալել են 1936 թվականին, ապա գնդակահարել, իսկ մորը 2 տարի անց ձերբակալել են, ապա ուղարկել ստալինյան ճամբար։ 

1942 թվականին ավիացիոն կորպուսի ջազային խմբում Կոնստանտինին աշխատանքի են ընդունել որպես դաշնակահար։ Որոշ ժամանակ անց պատանին ռազմական նվագախմբի հետ միասին համերգներով սկսել է հադես գալ Երևանում։ Հայաստանի ջազ երաժիշտներն իրենց համար նոր տաղանդ են բացահայտում այդ համերգների ժամանակ և տղային հրավիրում նվագելու Հայաստանի էստրադային նվագախմբում։ Այդ ժամանակ էլ դրվում է Օրբելյան արտիստի ստեղծագործական փայլուն կարիերայի ամուր հիմքը։

1945 թվականից Օրբելյանն ուժերը փորձում է նաև երգահանության ասպարեզում և բավական լուրջ հաջողություններ է գրանցում։ Նվագախմբի համար վերամշակում էր ժողովրդական երգերը, ինչպես նաև ստեղծում նոր մեղեդիներ։ Առաջին գործերից է «Օրորոցայինը»։

Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը Օրբելյանի համար ուղեցույց է դարձել դեպի երաժշտական մեծ աշխարհ։ 1952 թվականին Օրբելյանը հեռացել է էստրադային նվագախմբից և ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիա։
1955 թվականին հայ կոմպոզիտորը փորձել է ուժերը մեկ այլ ասպարեզում՝ գրելով «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը, որը մեծ հաջողություն է ունեցել։ 1956 թվականին Օրբելյանը հրավիրվում է ղեկավարելու Հայաստանի էստրադային նվագախումբը։ Երկար մտածելուց հետո համաձայնում է՝ դառնալով խմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը։

1956 թվականից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ։ 1992 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։

1957 թվականին Օրբելյանը դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։ 1962 թվականին ճանաչվել է Մոսկվայում անցկացվող «ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ» մրցույթի հաղթող։

1961 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Է․ Միրզոյանի ստեղծագործական դասարան)։ 1956 թվականից՝ Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար։ Արտահայտման անմիջականությամբ և քնարական հագեցվածությամբ աչքի է ընկնում Οրբելյանի լարային կվարտետը (1956 թվական, առաջին մրցանակ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնում, 1957 թվական, Մոսկվա)։ 1979 թ․ Կ․ Օրբելյանին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։

Կոնստանտին Օրբելյանը մահացել է 2014 թվականի ապրիլի 24-ին, հուղարկավորված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Այլ երաժիշտներ