Կենսագրություն
Լևոն Չիլինկիրյանը Միացյալ Թագավորությունում բնակվող հայ ջութակահար է, դիրիժոր, «Չիլինգիրյան լարային քառյակի» հիմնադիր, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, Գիդհոլի երաժշտա-դրամատիկական դպրոցի ջութակի և կամերային երաժշտության պրոֆեսոր։ Անվանի երաժիշտ Լևոն Չիլինկիրյանի թոռն է։
Լևոն Չիլինկիրյանը ծնվել է 1948 թվականին Նիկոսիայում։ Ջութակ նվագել սովորել է 5 տարեկան հասակից իր ազգական Վահան Բեդելյանից։ 12 տարեկանում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, սովորել Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում։ Դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում, ստացել պրոֆեսորի կոչում։ 1971 թվականին հիմնադրել է «Չիլինգիրյան» լարային քառյակը, որի կազմում համագործակցել է մի շարք հանրահայտ կոմպոզիտորների (Ջոն Տավեներ, Մայքլ Բերքլի) և երաժիշտների հետ, կազմակերպել ջութակահարների բարձրագույն դասընթացներ։ «Չիլինգիրյան» լարային քառյակը կազմակերպում է ամենամյա ամառային դպրոց Ուստթ Դին քոլեջում։ «Անգլիական համերգի» (The English Concert) առաջին անդամներից է, նվագել է նրանց 1973 թվականի Լոնդոնյան առաջին համերգին։
Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել մի շարք երաժշտական փառատոների։ Որպես մենակատար ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում` լավագույն նվագախմբերի հետ և քառյակի կազմում։ Երկացանկում ունեցել է արևմտաեվրոպական կոմպոզիտորների, նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ալան Հովհաննեսի, Ս. Ասլամազյանի և այլոց երկերից։ 1996 թվականից ղեկավարում է նաև շվեդական «Կամարատա Ռոման» լարային նվագախումբը։ 1989 թվականից համերգներով պարբերաբար հանդես է եկել Հայաստանում։
2000 թվականին Երևանում կազմակերպել է երիտասարդ ջութակահարների հանրապետական 1-ին մրցույթը։ Արժանացել է BBC Beethoven and the Munich Duo, առաջին մրցանակի (1969, 1971) և Բրիտանական կայսրության շքանշանի՝ երաժշտության բնագավառում ունեցած վաստակի համար (2000):