Լևոն Մուրադյան - Armenian National Music (anmmedia.am)
Լևոն Մուրադյան

Թավջութակահար

Հլս 10 1959

Թավջութակահար Լեւոն Մուրադյանը ծնվել է 1959 թ. հուլիսի 10-ին,երաժշտական ընտանիքում։ Երգիչ, բանահավաք Հայրիկ Մուրադյանի թոռնէ, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր Մարո Մուրադյանի որդին: Սովորել է Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում՝Ալեքսանդր Չաուշյանի դասարանում, ապա շարունակել ուսումը Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում՝ Միխայիլ Խոմիցերի դասարանում: Առաջին համերգները ունեցել է 10 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանումՀայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է Պ. Չայկովսկու «Ռոկոկո» վարիացիաները:

Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնցից են Չայկովսկու անվան, Պաբլո Կազալսի, Ժուլիու Կարդոնա միջազգային մրցույթները, նաեւ համամիութենական եւ անդրկովկասյան մրցույթները: Որպես մենակատար ելույթներ է ունեցել Վալերի Գերգիեւի, ՎերոնիկաԴուդարովայի, Գենադի Ռոժդեստվենսկու, Լավրենտ Ֆոստերի, ԷդուարդԹոփչյանի, Ավներ Բիրոնի, Վահագն Պապյանի, Գեորգի Կոստինի, ՕմրիՀադարիի, Դանիել Նազարեի եւ այլ դիրիժորների ղեկավարությամբ։ Որպես մենակատար եւ կամերային փոքր խմբերի անդամ մասնակցել է մի շարք փառատոների, որորնցից են Մյունխենի, Տալլինի Դավիդ Օյստրախի, Սանկտ Պետերբուրգի, Բուրգոսի, Մադեյրայի, Սինտրայի, Տոմարի, Վիանա դը Կաշտելոյի փառատոները: Համերգներով եւ ձայնագրություններով համագործակցել եւ ելույթներ է ունեցել Սերգեյ Խաչատրյանի, Դավիդ Չանգի,Կարոլ Վինսենսի, Լեւոն Համբարձումյանի, Պատրիկ Դեարի, Ուիլֆրեդ Սթրելի, Միշել Ֆրոնմեյերի, Վադիմ Սախարովի, Յերուն Ռիմսդիկի, Յուրի Ժիսլինի,Դանիել Ռոլանդի, Հայկ Մելիքյանի եւ այլոց հետ:

1995 թ հիմնադրել է «Դելլալյան Եռյակը», որի թավջութակահարն է մինչ օրս: Ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Իսրայելում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կորեայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Բելգիայում եւ այլուր: Մշտապես ներկայացել է Հայաստանի հանդիսատեսին: Դանիացի կոմպոզիտոր Վիմ Զվագը երաժշտին է նվիրել իր Թավջութակի սոնատը, իսկ անգլիացի կոմպոզիտոր Իվան Մուդին՝ իր Թավջութակի կոնցերտը: 1996 թ-ից Էվորայի (Պորտուգալիա) Արվեստի համալսարանում ղեկավարում է թավջութակի դասարանը: 2015 թ-ից դասավանդում է Լիսաբոնի բարձրագույն երաժշտական կոնսերվատորիայի թավջութակի դասարանում։

Մշտապես հրավիրվել է թավջութակի եւ կամերային երաժշտության վարպետության «Valle De Arlanza» եւ «Noeva Generaciòn Musical» դասընթացներին, «Viana do Castello» միջազգային փառատոնին: Դասավանդել է ԱՄՆ-ի Ջորջիայի համալսարանում, հրավիրվել Կալիֆորնիայի Երաժշտության ինստիտուտի կողմից` դասավանդելու ամառային դասընթացներում:

Ձայնագրել է մի շարք ձայնասկավառակներ, որոնց թվում են «Քլեյվ Ռեքորդս»-ի կողմից թողարկված . Ա Բաբաջանյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Հայկ Մելիքյանի հետ համատեղ 2012 թ. թողարկված «Յան» ձայնասկավառակում տեղ են գտել 20-րդ դարի հայկոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Հարություն Դելլալյանի եւ Կարեն Խաչատրյանի սոնատնեը: Հոլանդական «Մասթեր Ստուդիո»-ում դաշնակահար Յերոն Ռիմսդիկի հետ 2013 թ. ձայնագրել է Դ. Շոստակովիչի եւ Կ. Խաչատրյանի սոնատները: 2013 թ. ձայնագրել է նաեւ«Իտալական վիրտուոզներ» ձայնասկավառակը, որը ներառում է Լոկատելլիի, Վալենտինիի եւ Բոկերինիի ստեղծագործությունները: Թողարկել է նաեւ Վիմ Զուագի ստեղծագործությունների երկու ձայներիզ` ընդգրկելով նաեւ իրեննվիրված սոնատը:

Թավջութակահարը նվագում է 18-րդ դարի վենետիկյան գործիքով: