Կենսագրություն
Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի լավագույն օպերային երգչուհիներից մեկը։ Նրա երկացանկում ընդգրկված են ինչպես օպերաներ, այնպես էլ՝ օրատորիաներ։
Երգչուհին մեծացել է երաժշտասերների ընտանիքում, սովորել է դաշնամուր և վոկալ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Նրա վոկալի ուսուցիչն է եղել հանրահայտ Սերգեյ Դանիելյանը։ Հետագայում կրթությունը շարունակել է Ֆրանսիայում։
2013 թ․ հայ սոպրանոն առաջին անգամ ելույթ է ունեցել Թագավորական Քովենթ Գարդենում։ Նա ելույթ է ունեցել Մադրիդի թագավորական թատրոնում, որտեղ ներկայացրել է Վերդիի Ռեքվիեմը, դիրիժոր Սեբաստիան Լանգ-Լեսսինգի ղեկավարությամբ մասնակցել է Վերդի Գալային Մուսկատի թագավորական թատրոնում՝ համագործակցությամբ Նեապոլի Սան Կարլո թատրոնի։ 2014 թ․ իր առաջին ելույթն է ունեցել Ցյուրիխի օպերային թատրոնում, ինչպես նաև Վերբիերի փառատոնում։ Դեզդեմոնայի դերերգով Լիաննա Հարությունյանը դիրիժոր Նիկոլա Լուիսոտտիի ղեկավարությամբ մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել Նեապոլի Սան Կարլո թատրոնում, ինչպես նաև Սիդնեյի օպերայի տանը։ Անսիի փառատոնին Լիաննա Հարությունյանը ելույթ է ունեցել Օպերա Գալայում։