Անցնել բովանդակությանը
Լիպարիտ Ավետիսյան

Լիպարիտ Ավետիսյան

Տենոր

Կենսագրություն

Լիպարիտ Ավետիսյանը ծնվել է 1990 թվականին Երևան քաղաքում։ Փոքր տարիքից տեղափոխվել է Ուկրաինայի Թեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցի վոկալ բաժինը`Վերա Ռիբալկոյի դասարանում։ Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ Երկու տարի հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում։ Նրա առաջին բեմելը Եվրոպայում տեղի ունեցավ Գերմանիայի Քյոլն քաղաքի օպերային թատրոնում։ Լիպարիտը հանդես եկավ Ֆենտոնի դերերգով Վերդիի «Ֆալստաֆ» օպերայում՝ արժանալով օպերային հասարակության բարձր գնահատանքին։ Որից հետո նա անմիջապես հրավիրվեց կատարելու Ռուդոլֆի դերերգը (Պուչչինի «Բոհեմ») Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում և Ալֆրեդի դերերգը (Վերդի «Տրավիատա») Լոնդոնի Քովենտ Գարդեն Թագավորական օպերային և Սիդնեյի Օպերային թատրոններում։ 

2013 թվականից Լիպարիտ Ավետիսյանը  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է։ Այստեղ նրա խաղացանկում են` Սարոյի (Տիգրանյան «Անուշ»), դոն Խոսեի (Բիզե «Կարմեն»), Ալֆրեդի (Վերդի «Տրավիատա»), երիտասարդ գնչուի (Ռախմանինով «Ալեկո») դերերգերը։ Լիպարիտ Ավետիսյանը համագործակցում նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նա հանդես է եկել Ռուդոլֆի (Պուչչինի «Բոհեմ»), Դքսի (Վերդի «Ռիգոլետտո») դերերգերով, ինչպես նաև կատարել է տենորի մեներգերը Վերդիի և Մոցարտի Ռեքվիեմներում և Մալերի «Երգ երկրի մասին» ստեղծագործությունում։

Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային փառատոների՝ «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» (Լոնդոն), «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոն (Երևան), «Սպիտակ գիշերների աստղեր» XXI-րդ միջազգային երաժշտական փառատոն (Սանկտ-Պետերբուրգում), «Զատկի փառատոն» (Մոսկվա), «Բեթհովեն-Ֆեսթ» (Լեհաստան), «Մուստոնեն-Ֆեսթ» (Էստոնիա), «Միդեմ Ֆեսթ»(Ֆրանսիա), «ԱՀԱՎԱ-Ֆեսթ» (Գերմանիա)։ 2014 թվականին Լիպարիտ Ավետիսյանը ճանաչվել է տարվա լավագույն օպերային երգիչ։ 2015 թ․ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ելույթ ունենալով «Հովեր» Պետական կամերային երգչախմբի և հանրահայտ Եվգենի Կիսինի հետ Նյու-Յորքի Կարնեգի Հոլլ համերգասրահում, Վաշինգտոնի Ստրատմոր երաժշտական կենտրոնում, ինչպես նաև կատարել տենորի մեներգը Մոցարտի «Ռեքվիեմում» Փարիզի «Շաթլե» թատրոնում։ 2015 թվականից Լիպարիտ Ավետիսյանը Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում հրավիրյալ երգիչ է։ Այստեղ նրա խաղացանկում են` Դոն Խոզեյի (Բիզե «Կարմեն»), Դե Գրիյեի (Մասնե «Մանոն»), Կոմս Ալմավիվայի (Ռոսինի «Սևիլյան սափրիչ»), Արքայազնի (Պրոկոֆև «Սեր դեպի երեք նարինջ») և Նեմորինոյի (Դոնիցետի «Սիրո ըմպելիք») դերերգերը։

2016 թվականի մարտին Երևանում կայացած «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը, Լիպարիտ Ավետիսյանը հաղթող ճանաչվեց «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում, Բիզեյի «Կարմեն» օպերայում Դոն Խոզեի դերակատարման համար։ 2016 թվականի նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ «Օնեգին» առաջին ռուսական ազգային մրցանակաբաշխությունը, որտեղ նա արժանացավ մրցանակի լավագույն հրավիրյալ երգիչ անվանակարգում Դե Գրիյեի (Մասնե «Մանոն», Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն) և Դոն Խոզեյի (Բիզեյի «Կարմեն», Եկատերինբուրգի օպերային թատրոն) դերերգերի համար։ Դե Գրիյեի դերերգի համար Ավետիսյանն առաջադրվել է նաև «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխությանը, լավագույն տղամարդ դերասան անվանակարգում։ 

2020 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։  

Այլ երաժիշտներ