Անցնել բովանդակությանը
Լուսինե Զաքարյան

Լուսինե Զաքարյան

Երգչուհի

  • Երգչուհի

Կենսագրություն

Լուսինե (Սվետլանա) Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին, Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի Ախալցխա քաղաքում։

Նախնական կրթությունն ստացել է Ախալցխայի թիվ 4 Ռուսական տարրական դպրոցում։ 1952 թվականին երաժշտական կրթություն ստանալու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Հանրակրթական ուսումը շարունակել է Շևչենկոյի անվան ռուսական դպրոցում։ 1953-1957 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Ռոզալյա Գուլաբյանի դասարան)։ 1957 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգային բաժինը (Արմինե Քարամյանի դասարան)։

959-1992 թթ. երգել է Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում (խմբավարներ՝ Հրանտ Գևորգյան, Խորեն Մեյխանեջյան) որպես մենակատար։ 1965 թվականից սկսած եղել է Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի։ 1970-1983 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Կատարել է արևմտաեվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական և հոգևոր երաժշտություն։ Դեռևս խորհրդային տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ։

Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ ըստ արժանվույն ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։ Պարբերաբար համերգներ է տվել հայազգի նշանավոր երգեհոնահարներ Վահագն Ստամբոլցյանի, Լևոն Աբրահամյանի, Պերճ Ժամկոչյանի հետ։ Երկար տարիներ նրան նվագակցել է Մարիաննա Հարությունյանը։

1960-1970-ական թվականներին որպես մենակատար Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հետ (գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) ելույթներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Փարիզում, Մարսելում՝ կատարելով մեծակտավ ստեղծագործություններ։

1960-ական թվականներին որպես մենակատար ելույթներ է ունեցել Հայաստանի կամերային նվագախմբի հետ (գլխավոր դիրիժոր՝ Զարեհ Սահակյանց)։ Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Իռլանդիա, Լեհաստան, Հոլանդիա, Խորհրդային միության և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ։

Երգել է շուրջ 15 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, լատիներեն, իտալերեն, իսպաներեն, հունգարերեն, չեխերեն և այլն։ Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»։

Այլ երաժիշտներ