Կենսագրություն
Մարիա Ղամբարյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի «Պրոֆդպրոցում»։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Կ․ Ն․ Իգումնովի դասարան), 1951 թվականին՝ ասպիրանտուրան (դասատուները՝ Գ․ Գ․ Նեյգաուզ, Լ․ Ն․ Օբորին)։ 1953-1955 թվականներին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական, մանկավարժական ինստիտուտում։ 2003 թվականից հանդիսանում է Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի հիմնադիրը, 1998 թվականից Պրահայի Կարլի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։
Համերգային գործունեությունը սկսել է 1951 թվականից։ Կատարմանը բնորոշ է ոճի հստակությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը։ Համերգացանկը ընդգրկում է Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի երկերը։ Համերգային ծրագրերով ներկայացել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ 1991 թվականին վարպետության դասընթացներով հանդես է եկել Իսպանիայում։ 1992 թվականին Կորեայում թողարկվել է նրա կատարմամբ երկու ձայնասկավառակ։ ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ է։