Անցնել բովանդակությանը
Մարիաննա Գևորգյան

Մարիաննա Գևորգյան

Քանոն

Կենսագրություն

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը ծնվել է 1986թ. Երևանում: Դեռ դպրոցական տարիներից նա աչքի է ընկել իր վառ արտահայտված աշխատասիրությամբ ու տաղանդով: Նա նվագել է մանկական ֆիլհարմոնիայի ժող. գործիքների նվագախմբում, այնուհետև` «ԱրմենԱկոբ» մշակութային կենտրոնի «Փարվանա» ժող. գործիքների նվագախմբում, որի ղեկավարն էր Հրաչյա Մուրադյանը, դիրիժորը՝ Ռ. Նիկողոսյանը: Այդ տարիներին ունեցել է բազմաթիվ համերգային շրջագայություններ, նկարահանումներ, ձայնագրություններ:

2004-2012թթ. սովորել ու գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (բակալավրիատ,մագիստրատուրա, ասպիրանտուրա):

Ուսանողական տարիներին բազմաթիվ համագործակցություններով ու համերգային բազմաժանր ծրագրով հանդես է եկել ոչ միայն հայ, նաև օտարազգի երաժիշտների հետ՝ ներկայացնելով քանոն նվագարանի լայն հնարավորությունները, հոգևոր, ժողովրդական, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունները:
Քանոնահարուհին ուսանողական տարիներից մինչ օրս բարեգործական համերգներով հանդես է եկել ծերանոցներում, մանկապարտեզներում, զիվորի տանը, կանանց ու տղամարդկանց քրեակատարողական հիմնարկներում, մանակատան երեխաների համար և այլուր:

Նա նվագել է «Սարգա» պարի խմբում, որտեղ քամանչահարը և երաժշտական խմբի ղեկավարը Նորայր Դավթյանը էր: Հանդես է եկել մի շարք մենահամերգներով: 2016թ մեծ մենահամերգ է ունեցել «Նվիրում Խաչատուր Ավետիսյանի 90–ամյա հոբելյանին» Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի նվագակցությամբ, որի ղեկավարն ու դիրիժորն է Ս. Երկանյանը: Բարեգործական մենահամերգով հանդես է եկել Արցախում՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, դաշնամուրի նվագակցությամբ (դաշնակահար` Սեդրակ Երկանյան)։

2021թ ունեցել է համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 95–ամյա հոբելյանին , Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի հետ (գեղ․ ղեկավար Երկանյան): 2022թ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համերգաշրջանի բացումը վստահված էր իրեն, որը նվիրված էր կոմպոզիտոր Ռ. Ալթունյանին։ Համերգը կայացել է պետական կամերային նվագախմբի հետ համատեղ (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյանն), իսկ դիրիժորական վահանակի մոտ էր Հարություն Արզումանյանը: Մարիաննա Գևորգյանին իրենց ստեղծագործությունների պրեմիերաներն են վստահել կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանը, Վարդան Աճեմյանը, Ա. Փարսադանյանը և այլք:

Նա աշխարհի 30-ից ավելի երկրների երաժիշտների հետ համագործակցություն է ունեցել, ովքեր նվագել են իրենց ազգային գործիքներով` բացառապես հայկական երաժշտություն քանոնի հետ: Քանոնահարուհին նախաձեռնել է փառատոն, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրների երգիչներ և երաժիշտներ նվագել ու երգել են «Սարի աղջիկ»-ը քանոն նվագարանի հետ:

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հանդիսանում է բազմաթիվ միջազգային մրցույթների, փառատոների մասնակից ու առաջին կարգի մրցանակակիր, հատուկ մրցանակների դափնեկիր ու ոսկե մեդալակիր:

Տաղանդաշատ քանոնահարուհին մասնակցելով Global Cultural Initiative «World Folk Vision 2020» համաշխարհային մրցույթ- փառատոնին «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն անվանակարգում» արժանացել է «Գլխավոր մրցանակ»-ի, որին մասնակցել են 115 երկրի 3950 մասնակից:

Աշխարհի տարբեր երկրների թերթերում տպագրվել են Մարիաննայի ու իր ներկայցրած արվեստի մասին հոդվածներ, տարբեր միջազգային հեռուստառադիոեթերներ են նվիրվել իրեն, անվանի արվեստագետներ անդրադարձել են իրենց իսկ արվեստով` Մարիաննային, բազմաթիվ կտավների, բանաստեղծական շարքերի տեսքով:
Մարիաննա Գևորգյանը 2012թ –ից աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան , «Տաղարան» հնագույն երաժշտության համույթում (գեղ. ղեկ ՀՀ մշակույթի վաստակավոր գորժիչ՝ Սեդրակ Երկանյան ) մենակատար քանոնահարուհի:

Տաղանդաշատ քանոնահարուհին իր ուրույն ոճով, անզուգական կատարողական բարձր վարպետությամբ ներկայացնում է քանոն նվագարանը, վայելելում է հայ ու օտար հանդիսատեսի սերն ու հարգանքը: Մերօրյա համեստ երաժիշտը անթերի կերպով տիրապետում է գործիքի, թե վիրտուոզ, թե արտահայտչական հնարքներին և հանդես գալիս ժողովրդական ու դասական բարդ ստեղծագործությունների մաքրամաքուր կատարումներով: Խորապես ինտելեկտուալ երաժիշտ-կատարող, ով կարողանում է երաժշտության կախարդական հնչյունները իր քանոնի նվագով փոխանցել հանդիսականին՝ դյութելով նրանց սրտերն ու հոգիները:

Այլ երաժիշտներ