Մարինա Դելլալյան - Armenian National Music (anmmedia.am)
Մարինա Դելլալյան

Դաշնակահար

Մյս 15 1963

Դաշնակահար Մարինա Դելլալյանը ծնվել է Երևանում, 1963 թ. մայիսի 15-ին: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է հոր` կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի կողմնորոշմամբ: Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Օֆելյա Պետրոսյանի դասարանում, ով իր հերթին ռուս ականավոր դաշնակահար Կոնստանտին Իգումնովի սաներից է: Դպրոցական տարիներից կամերային կազմերի հետ մասնակցել է մի շարք համերգների: Հետագա ուսումը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Նինա Գևորգյանի դասարան): 

Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի Արվեստի No 1 դպրոցում: Մինչև 1993 թ. որպես նվագակցող դաշնակահար աշխատել է Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ Հետագայում տեղափոխվելով Մոսկվա, դասավանդել է Երգչախմբային արվեստի կենտրոնական դպրոցում: 1995 թ.-ից բնակվում է Լիսաբոնում՝ շարունակելով մանկավարժական և կատարողական գործունեությունը: Գյուլբենկյան նվագախմբի և երգչախմբի կողմից հրավիրվել է որպես դաշնակահար-նվագակցող և նվագախմբի մենակատար: Պարբերաբար հրավիրվում է նաև Սան Կառլոս Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կողմից: Մանկավարժության բնագավառում, բացի հիմնական դասավանդումից, Պորտուգալիայի տարբեր քաղաքների երաժշտական դպրոցներում անցկացրել է մի շարք վարպետության դասեր: Պարբերաբար համագործակցում է նաև Լիսաբոնի համալսարանի կամերային երգչախմբի հետ։ 

Որպես մենակատար համերգներով հանդես է եկել Լոս-Անջելեսում, Նյու-Յորքում, Փարիզում, Իտալիայի Մոդենա և Ֆեռարա քաղաքներում, Շվեդիայի Ուլմեո քաղաքում, Մադրիդում, Բրյուսելում, ինչպես նաև Պորտուգալիայի մի շարք քաղաքներում: Մասնակցել է մի շարք փառատոների, որոնցից են Dias da Musica-ն, Festival da Sintra-ն, Festival bienal Munique-ը, Festival de Açores-ը: 2005 թ. դիրիժոր Արամ Ղարաբեկյանի կողմից հրավիրվել է կատարելու Հարություն Դելլալյանի «Տոպոֆոնո» («Topophono») կամերային կոնցերտը, որը նկարահանվել է նաև տեսաֆիլմի ձևով։

Ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի (Հորիզոն), Կանադայի (Պանորամա), Պորտուգալիայի (Անտենա 2, RTP1, RTP2) հեռուստատեսային  ալիքներով: Լիսաբոնի Բարձրագույն երաժշական դպրոցի կողմից ստացել է Վարպետի աստիճան: 

Մ. Դելլալյանը պարբերաբար կազմակերպում է երաժշտության տարբեր ժամանակաշրջանների և հայկական երաժշտության վերաբերյալ  գիտաժողովներ: 

«Դելլալյան եռյակի» հիմնադիր դաշնակահարն է։ Արտասահմանում հայկական մշակույթը տարածելու և հայկական երաժշտության մշտական կատարումների համար  2016 թ. «Դելլալյան եռյակը» պարգևատրվել է  ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով։