Կենսագրություն
Մերի Խոջայանը հանդիսանում է մի շարք հեղինակավոր պարգևների և մրցանակների դափնեկիր: Ի թիվս այլոց, նրան է պատկանում Լուիջի Նոնոյի միջազգային կամերային երաժշտության մրցույթի առաջին մրցանակը (Իտալիա, 2021թ), Բադեն-Վյուրթեմբերգի «Երաժշտական հրավառություն» մրցույթի առաջին մրցանակը (Գերմանիա, 2017թ.), Հենրի Կոխի ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը (Բելգիա, 2013թ): Խոջայանն արժանացել է հատուկ մրցանակի Յանկելեւիչի անվան ջութակահարների երրորդ միջազգային մրցույթում (Ռուսաստան, 2013), Music Awards Maastricht երաժշտական մրցույթում (Նիդերլանդներ, 2012թ): Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթում Մերի Խոջայանն արժանացել է երկրորդ մրցանակին, այն պարագայում, երբ առաջին մրցանակ առհասարակ չի շնորհվել (Հայաստան, 2008թ)։
Երաժշտական հիմնական կրթությունը ստացել է Երևանի (Հայաստանի Հանրապետություն) և Մաաստրիխտի (Նիդերլանդների Թագավորություն) կոնսերվատորիաներում`սովորելով Էդուարդ Թադևոսյանի և Բորիս Բելկինի դասարաններում: Կրթությունն այնուհետև շարունակաբար համալրել է վարպետության դասընթացներով` տրված Լեոնիդաս Կավակոսի, Տրիո դի Պարմայի, Վիմ Զվաագի, Ժակ Օգգի, Մաքսիմ Վենգերովի, Միխայել Ֆրիշենշլագերի, Իրինա Բոչկովայի, Զախար Բրոնի և Էնրիկո Բրոնզիի կողմից։ 2018-2023 թթ. Մերի Խոջայանը կամերային երաժշտության ամենամսյա վարպետության դասեր է ստացել Լուկաս Հագենից և Էնրիկո Պաչեից։
Երաժշտական կարիերան սկսելով բավականին վաղ հասակում՝ Մերին ունեցել է բազմաթիվ և անհամար հյուրախաղեր`արժանանալով բազմաթիվ գովասանքների: Տասնյոթ տարեկանում նա արդեն իսկ մշակութային նվաճումների համար արժանացել է «ՀՀ Նախագահի մրցանակին»` շնորհված ՀՀ երրորդ նախագահի կողմից:
Ներկայումս Մերին նվագում է Քրիստիան Վիլհելմ Կնոփֆ աղեղով, որը նրան առատաձեռնորեն փոխառել է նիդերլանդական երաժշտական գործիքների հիմնադրամը:
Ի թիվս այլ նվաճումների, Մերի Խոջայանը հանդիսանում է իր իսկ կողմից նկարահանած Պաբլո Սարասատեի մասին կենսագրական վավերագրական ֆիլմի հեղինակ, որը շատ արագ գրավեց միջազգային մամուլի, այդ թվում «Codalario», «Diario de Navarra», «The Violin Channel», «Mundo Clásico» հոեղինակավոր պարբերականների, ինչպես նաև տարբեր միջազգային կինոփառատոների ուշադրությունը: Ֆիլմի հաջողության գագաթնակետներ է Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) «Film Flicks Festival»-ում արժանացած «Լավագույն կենսագրական ֆիլմ» տիտղոսը:
2023թ. նոյեմբերին Մերի Խոջայանը թողարկեց իր առաջին ձայնասկավառակը՝ «Սերգեյ Պրոկոֆևի ամբողջական ստեղծագործություններ ջութակի և դաշնամուրի համար»՝ Aliud Records պիտակի ներքո։ Իսպանական հայտնի «Scherzo» ամսագիրը սկավառակը որակել է որպես «անգերազանցելի»՝ նշելով Խոջայանի նվագի վեհ քնարական խառնվածքը։
2024թ. ի վեր Մերի Խոջայանն իր ստեղծագործական գործունեությունը շարունակում է Իսպանիայում, որտեղ հանդիսանում է իսպանական հեղինակավոր լարային քառյակի՝ Cuarteto Nazarí անդամ։