Անցնել բովանդակությանը
Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց

    Կենսագրություն

    Սուրբ Մեսրոպ Մաշտոց. հայկական գրի ստեղծող, հայ ինքնուրույն գրականության, հայ հոգևոր երաժշտության, հայ դպրության և հայ մանկավարժության հիմնադիր, թարգմանչաց շարժման սկզբնավորող, վարդապետ, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: 

    Ծնվել է մոտ 360 թ., Մեծ Հայքի Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ստացել է հունական կրթություն: Մոտ 389 թ. տեղափոխվել է Վաղարշապատ (Էջմիածին), պաշտոնավարել արքունիքում որպես ատենադպիր, ապա անցել զինվորական ծառայության: 395 թ. թողել է աշխարհիկ կյանքը և մտել միայնակեցության կարգի մեջ: Իր աշակերտների ուղեկցությամբ քարոզչություն է ծավալել Հայաստանի մի շարք գավառներում, որտեղ դեռևս կենսունակ էր հեթանոսությունը: Թեև քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն էր հռչակվել դեռևս 301 թ., սակայն ժողովրդը մեծ մասամբ անհաղորդ էր մնացել նոր կրոնին: Եկեղեցական ծեսը, քրիստոնեության ուսուցումը կատարվում էին ժողովրդին անհասկանալի հունարենով և ասորերենով, քանի որ քրիստոնեությունը Հայաստան էր մուտք գործել հույն և ասորի քարոզիչների միջոցով: Ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի` IV դարի վերջին փոխված քաղաքական դրությունը (բաժանում Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, 387 թ.) առաջադրում են քրիստոնեությունը ժողովրդի լայն շրջաններին մատչելի դարձնելու խնդիրը: Մեսրոպ Մաշտոցը գիտակցում է, որ այս խնդրի իրագործումը հնարավոր է միայն սեփական գիրը ստեղծելու, եկեղեցու և դպրոցի լեզուն հայերեն դարձնելու միջոցով: Մաշտոցի ծրագիրը հավանություն է ստանում Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և հայոց Վռամշապուհ արքայի կողմից: 405 թ. Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ մեկնում է Ասորիք, որտեղ Եդեսիա քաղաքում ստեղծում է հայոց այբուբենը: 406 թ. նա նորաստեղծ գրերով վերադառնում է Հայաստան, որտեղ Սահակ Ա Պարթևի և իր առաջին աշակերտների հետ թարգմանում է  Աստվածաշունչը և պաշտամունքային այլ բնագրեր: Մաշտոցը նաև շրջում է Հայաստանի տարբեր վայրերում` հիմնելով վանական-եղեղեցական դպրոցներ: Որոշ ժամանակ անց լինում է Վրաստանում, որտեղ, ըստ իր աշակերտ Կորյունի վկայության, ստեղծում է վրացերեն գրերը: Ըստ Կորյունի, Մաշտոնց է ստեղծել նաև աղվանական տառերը: 

    Ս. Մեսրոպ Մաշտոցը հայ հոգևոր երաժշտության հիմնադիրն է: Սահակ Ա Պարթևի հետ նա դասակարգել է հայոց ավանդական ձայնեղանակները (Ութձայն համակարգ), որոնք կազմում են հայ հոգևոր երաժշտության հիմքը:  Մեսրոպ Մաշտոցը նաև հայ ինքնուրույն հոգևոր երգի` կցուրդի առաջին հեղինակներից է: Նրան են վերագրվում Ապաշխարության երգերը (մոտ 130 նմուշ)՝ նախատեսված Մեծ պահքի շրջանում կատարելու համար: Դրանք 3-4 տուն ներառող փոքրածավալ, սաղմոսատիպ կցուրդներ են: Բանաստեղծական ներշնչանքով և արտահայտիչ մեղեդիական նկարագրով օժտված մաշտոցյան Ապաշխարության երգերը ներառվել են Շարակնոց, Մաշտոց, Ժամագիրք ծիսամատյաններում և մեծ ազդեցություն ունեցել հայ հոգևոր երգարվեստի հետագա զարգացման վրա: 

    Որպես հայ մանկավարժության հիմնադիր, Մաշտոցը մասնավորապես մշակել է հայոց լեզվի և հայ երաժշտության դասավանդման սկզբունքները հայկական նորաբաց դպրոցներում: 

    Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին, Վաղարշապատում: Թաղվել է Օշականում: 443 թ. իշխան Վահան Ամատունին Մաշտոցի դամբարանի վրա տաճար է կառուցել: Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է և դասվել Հայ եկեղեցու սրբերի կարգը: Մաշտոցի կյանքն ու գործը գրի է առել նրա աշակերտ Կորյունը:


    Նկարը՝  Մհար Աբեղյան - Մեսրոպ Մաշտոց (հատված)
    (Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու)

    Այլ երաժիշտներ