Անցնել բովանդակությանը
Միշել Պետրոսյան

Միշել Պետրոսյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

Կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը ծնվել է 1973 թ. դեկտեմբերի 2-ին՝ Երևանում, մեծացել է Ֆրանսիայում: Միշել Պետրոսյանին մանկուց գրավում էր արվեստի աշխարհը `սկսած նկարչությունից վերջացրած կիթառի և թավջութակի ուսուցմամբ: Արդյունքում նա շրջադարձ կատարեց  դեպի կոմպոզիտորական արվեստ:

Ֆրանսիական տարբեր հաստատություններում կոմպոզիցիայի, նվագախմբի, վերլուծության, ազգագրության և դասական հնդկական երաժշտության ուսումնասիրություններից հետո նա 2001 թ. ավարտել է Փարիզի կոնսերվատորիան:  

1998-ին հիմնադրել է նոր երաժշտությանը նվիրված «Cairn» անսամբլը: Նրա ստեղծագործությունները հեռարձակվել են ֆրանսիական հանրային ռադիոյով, «France Musique» -ով և «France Culture» -ով: Նա ստացել է բազմաթիվ պատվերներ և որպես ներկայացուցիչ ընտրվել Ֆրանսիայում (Royaumont Foundation) և Կանադայում (Domaine Forget) գործող կազմակերպություններում: 2000 թվականին Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիան նրան շնորհել է Veuve Buchère մրցանակը: 

Մեծ հետաքրքրվածություն ունենալով հին քաղաքակրթությունների նկատմամբ, նա ուսումնասիրել է տասնյակ լեզուներ: Փարիզի Սորբոնի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում՝ որպես դասական ժամանակաշրջանի մասնագետ և մեկ տարով հնարավորություն ստացել ասպիրանտուրան անցնել Երուսաղեմի ֆրանսիական հնագիտական ​​դպրոցում: Երուսաեմում ուսանելու տարիներին նա սկսեց հետաքրքրվել Հին Արևելքի երաժշտությամբ, առարկա, որը նա դասավանդել է Երուսաղեմի Պոլիսի ինստիտուտում: Նա աշխատել է նաև Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի հին հունական երաժշտության բաժնի ղեկավար Էննի Բելիսի հետ: 

Միշել Պետրոսյանը շատ է ճանապարհորդել այնպիսի հարուստ պատմություն ունեցող երկրներում, ինչպիսիք են Եթովպիան, Իսրայելը, Ուզբեկստանը, Հորդանանը, Կիպրոսը, Հայաստանը, Վրաստանը և այլն: Այս հարուստ փորձի արդյունքում՝ ստեղծվեց կոմպոզիցիայի նոր եղանակ:  

Նրա «Էայի ջրահետքերով» դաշնամուրային կոնցերտը, որը ներշնչված է բաբելոնյան արձանագրություններով, 2013-ին Բելգիայում անցկացվող հեղինակավոր Էլիզաբեթ թագուհու անվան մրցությում ավելի քան հարյուր քառասուն ստեղծագործությունների մեջ ճանաչվել է լավագույնը:  

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ՀԲԸՄ-ը կոմպոզիտորին պատվիրել է  «Ciel à vif» ստեղծագործությունը՝ երեք մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար: Այն 2015-ի ապրիլին առաջին անգամ Փարիզի Chatelêt  թատրոնում կատարել է Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Ալեն Ալթինօղլուի ղեկավարությամբ:

Նա նաև 2015-ին նա ստեղծագործություն է գրել Musicatreize համույթի համար: Նրա՝ 12 մենակատարների համար գրված «Horae quidem cedunt» ստեղծագործությունը՝ Վիրգիլիոսի լատիներեն տեքստի հիման վրա,  կատարվել է Ֆրանսիայի «Aix en Provence» փառատոնի շրջանակներում: 

2016-ին, Հանովերի արքայադուստր Կարոլինի հովանու ներքո, Միշել Պետրոսյանը, կոմպոզիտորներ Գադ Բարնեան և Թիերի Էսկեշը գրել են երեք ստեղծագործություն, հիմնված  Երեմիայի գրքից եբրայերեն, հունարեն և լատիներեն տեքստերի վրա:

2017-ի հունվարին Ֆրանսիայի Էքս ան Պրովանսի Մեծ թատրոնում կատարվել է իր «Amours sidoniennes» երգչախմբի և նվագախմբի համար գրված նոր ստեղծագործություն: Այն ոգեշնչված է Իսրայելի Բիթ Գուվրին հնավայրում գտնվող քարանձավային դամբարանում հայտնաբերված հունական արձանագրություններից, որոնց հնագիտական հետազոտություններին մասնակցել է ինքը՝ Պետրոսյանը: 

2017-ին, Փարիզի «Petit Palais» թանգարանում սրբապատկերներին նվիրված նոր ցուցասրահի հանդիսավոր բացման արարողության ժամանակ հնչել է Միշել Պետորսյանի «Chanter l'icône»-ը («Սրբապատկերը փառաբանելով»), որտեղ երաժշտությունը, տեքստը և պատկերները վերստեղծում են բյուզանդական օրհներգ՝ վեց երաժշտական ​​հաջորդականությունների և հինգ լեզուներով գրված տեքստերի միջոցով:

2018-ին Միշել Պետրոսյանը անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ գրել է «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի սաունդթրեքը: Ֆիլմի DVD հավաքածուն պարունակում է ձայնասկավառակ՝ կլարնետի կոնցերտով, որը գրվել է ֆիլմի համար և կատարում է ֆրանսիացի հայտնի կլարնետահար Ֆիլիպ Բերոն:  

Կինոարտադրության ոլորտում նրա գործունեությունը շարունակվել է Ռոբեր Գեդիգյանի  հետ, որի «Գլորիա Մունդի» ֆիլմի սաունդթրեքը գրվել է 2019-ի սկզբին: Վերջերս կոմպոզիտորի կողմից ստեղծվել է «Le Chant d’Archak» (Արշակի երգը) օպերա-օրատորիան՝ Լորան Գոդեի բնօրինակ տեքստով՝ երկու դիրիժորի, տասներկու ձայնի, երիտասարդական երգչախմբի և գործիքային անսամբլի համար:   

Ստեղծագործությունը պատվիրվել է ֆրանսիական ռադիոյի կողմից, պրեմիերան տեղի է ունեցել Հայաստանի Տաթևի վանական համալիրի բակում, այնուհետև հատվածաբար կատարվել են 2018-ի նոյեմբերին, Փարիզի ֆրանսիական ռադիոյի Մեծ համերգասրահում:

Վերջերս Միշել Պետրոսյանը մի քանի նախագիծ է մշակել ԱՄՆ-ում: Դաշնակահար Էնդրյու Թայսոնի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է «La lutte ardente du vert et de l'or» գործը, որի ամերիկյան պրեմիերան կայացել է Քարնեգի Հոլլում՝ 2015 թ-ին և բարձր գնահատականի է արժանացել New York Times-ի կողմից: «Rapsodies Around the World» (Միչիգանի համալսարան, 2016 թ.) կլառնետի և դաշնամուրի համար, որը կատարել է ամերիկա-իսրայելական կլառնետահար Գի Յեհուդան, Latens deitas-ի (Նոտր-Դամի համալսարանի, 2019 թ.) և Լոս Անջելես «Դիլիջան» կամերային երաժշտության երկու համերգաշարերի շրջանակներում կատարվել է  «A fiery flame, a flaming fire» (2017 թ.), որը ընդգրկվել է «Modulation necklace» ձայնասկավառակում, և լարային քառյակը «Liber Secretorum Henoch» ստեղծագործությունը՝ ոգեշնչված Եթովպիա կատարած իր ուղևորությունից (2019): Նրա ստեղծագործությունները հրատարակում է Editions Gravis հեղինակավոր ընկերությունը (Բեռլին):

Այլ երաժիշտներ