Ծնվել է 1992 թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 2001-2009 թթ սովորել է Երևանի Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում՝ Վալերի Անտոնյանի թավջութակի դասարանում: Այդ տարիների ընթացքում դարձել է մի շարք հանրապետական մրցույթ-փառատոների դափնեկիր: Արժանացել է Է. Խաչատուրյանի անվան հանրապետական մրցույթ-փառատոնի 3-րդ կարգի մրցանակին (2003 թ.), «Կամերտոն» առաջին հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչմանը (2004թ.), Ա. Սպենդիարյանի անվան հանրապետական 1-ին (2005 թ.) և 2-րդ (2007 թ.) մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչմանը, Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական 7-րդ մրցույթի 3-րդ կարգի և «Ամենաերաժշտական մասնակից» հատուկ մրցանակին (2007 թ.), Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակին և դափնեկրի կոչմանը (2009 թ.):
2009-2015 թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Մեդեա Աբրահամյանի թավջութակի դասարանում: 2012 թ. Շվեյցարիայում կայացած «3rd Classics in the Streets» միջազգային մրցույթ-փառատոնին «Կամերային անսամբլ» անվանակարգում արժանացել է դափնեկրի կոչման: 2013 թ. կամերային անսամբլների կատարողական արվեստի՝ Կարեն Կոստանյանի 90-ամյակին նվիրված երկրորդ հանրապետական մրցույթին արժանացել է 2-րդ կարգի մրցանակի: 2013 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` «Գործիքային կատարում» անվանակարգում: