Կենսագրություն
Նաիրյան վոկալ անսամբլը ստեղծվել է 2015 թ․ -ին «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակներում: Անսաբլի գեղարվեստական ղեկավարը Նաիրա Մուղդուսյանն է։
Նման անսամբլ ձևավորելու հիմքում եղել է հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման միտումը, ազգային դասական և հոգևոր երաժշտության տարածումը, ինչպես նաև կանանց հզորացումը։
Անսամբլի կազմում 5 երիտասարդ, պրոֆեսիոնալ երաժշտական կրթությամբ կին երաժիշտներ են։ Խումբը երգում է բազմաձայն երգեր, հիմնականում ակապելլայի ձևչափով, կան կատարումներ, որոնք նվագակցվում են կլարնետով, դափով, երաժշտական այլ գործիքներով, որոնց տիրապետում են աղջիկները։ Անսամբլն ունեցել է բազմաթիվ տասնյակ մենահամերգներ, հարյուրից ավելի ելույթներ տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ Երևանի գրեթե բոլոր թանգարաններում, հոգևոր կենտրոններում, տուն-ինտերնատներում, քրեակատարողական հիմնարկներում՝ հավատալով, որ երաժշտության հասանելիությունը ամենուր հնարավոր է՝ անգամ այնպիսի վայրերում, որտեղ դասական երաժշտություն ընդունված չէ լսելը։ 2018 թվականից անսամբլն իրականացնում է ներառական, իր տեսակի մեջ միակը ներկայացնող նախագիծ․ բազմաձայն ստեղծագործությունների կատարմանը զուգահեռ՝ թարգմանելով երգը ժեստերի լեզվով։ Ներկայումս ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, «Նաիրյան» վոկալ անսամբլը միակն է, որ երգում է ակապելլա, բազմաձայն ստեղծագործություններ՝ միաժամանակ վերծանելով դրանք ժեստերի լեզվով՝ հասանելի դառնալով լսողության խանգարումներ ունեցող անձանց համար։ 2019-ին անսամբլն իրականացրել է «Ես լսում եմ քեզ» ներառական, մշակութային-երաժշտական ծրագիրը, որի շնորհիվ անսամբլը ժեստերի լեզվով վերծանել է հայ դասական կոմպոզիտորների 32 ստեղծագործություն, ներկայացել 5 մենահամերգով, որտեղ հնչող բոլոր ստեղծագործությունները վերծանված էին ժեստերով։ 2020 թ-ի հունվարի 1-ից «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում մեկնարկել է «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որի ընթացքում կենտրոնի «Նաիրյան» վոկալ ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը։
Միաժամանակ, արդեն ժամանակակից երաժշտական լուծումներով անսաբլը ստեղծել է «Համարձակ եմ» երգը, որը հենց կնոջ հզորացմանը, կնոջ ազատականացմանն է նվիրված։ «Նաիրյան» վոկալ անսամբլը մասնակցել է ներհայստանյան և միջազգային մի շարք փառատոնների՝ ԳլոբալՖեստ-Երևան միջազգային մրցույթ-փառատոն՝ գրանպրի մրցանակ, ԳլոբալՖեստ-Մոսկվա միջազգային մրցույթ-փառատոն՝ առաջին մրցանակ, ԱրտՖեստ միջազգային մրցույթ-փառատոն՝ լավագույն խումբ մրցանակ, Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն՝ առաջին մրցանակ, Կոմիտաս համահայկական փառատոն, Վոքս Վիրտուալ միջազգային փառատոն և այլն։
2019-ին անսամբլը համերգային ծրագրով եղել է Եգիպտոսում, մենահամերգով ներկայացել Կահիրեի հանդիսատեսին։