Անցնել բովանդակությանը
Նարեկ Ավագյան

Նարեկ Ավագյան

Ֆլեյտահար

Կենսագրություն

Ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտելով ուսումը Ժնևի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միշել Բելավանսի դասարանում՝ Նարեկն այսօր ակտիվ համերգային գործունեությամբ է զբաղված Հայաստանում և արտերկրում: Նրա թարմ երաժշտական մտքերը, մաքուր ինտոնացիան, խորաթափանց հնչողությունը և վիրտուոզ տեխնիկան բարձր են գնահատել այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են` սըր Ջեյմս Գոլվեյը, Ժուլյեն Բոդիմանը, Էրիկ Գոդիբերը, Մանուել Հերնանդես դա Սիլվան, Ռիկարդո Ջիանին և այլոք:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստերն է: Համերգներ է տվել այնպիսի երաժիշտների հետ ինչպիսիք են` Ալան Ալթինօղլուն, Անտոնի Վիտը, Լիոր Շամբադալը, Ֆրանչեսկա Կարտան, Քրիստոֆ Կուանը և այլոք: Որպես մենակատար, նաև նվագախմբի կազմում ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Մեքսիկայի, Լեհաստանի, Լիբանանի և Ռուսաստանի լավագույն համերգասրահերում` Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյ հոլում, Դանիայի Ռադիոյի համերգասրհում, Սանկտ-Պետերբուրգի Մարիինսկի թատրոնում, Ժնևի Վիկտորիա հոլում, Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայում և այլն։

Նարեկը հետաքրքրված է նաև հնագույն երաժշտությամբ, տրավերսոյի (բարոք ֆլեյտա) հատուկ դասընթաց է անցել պրոֆեսոր Սերժ Սաիտայի մոտ, ծանոթացել այդ ժամանակաշրջանի երաժշտության ոճական առանձնահատկությունների գաղտնիքներին:

Սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում միայն հնագույն երաժշտությամբ: Նա հատուկ վերաբերմունք ունի նաև ժամանակակից և էքսպերիմենտալ երաժշտությանը:
Մի շարք ժամանակակից հայ և օտարազգի հեղինակների (Էրիկ Գոդիբեր, Յոհան Թրայշել և այլն) ստեղծագործությունների առաջին կատարողն է:

Այլ երաժիշտներ