Նարինե Դելլալյան - Armenian National Music (anmmedia.am)
Նարինե Դելլալյան

Ջութակահար

Փտվ 16 1966

Ջութակահար Նարինե Դելլալյանը ծնվել է 1966թ. փետրվարի 16-ին, Երևանում` երաժիշտների ընտանիքում: Դեպի երաժշտություն ուղղված առաջին քայլերն արվել են հոր` կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի կողմնորոշմամբ: Սովորել է Երևանի Պ․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (պրոֆեսոր  Ադիկ Մատինյանի դասարան), այնուհետև ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Հրաչյա Հարությունյանի դասարան): Զուգահեռաբար սկսել է աշխատել Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում:

1990 թ. աշխատանքային հրավերով մեկնել է Պորտուգալիա։ 1993 թ.-ից Սան Կառլոս Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է: 

Որպես մենակատար և կամերային փոքր խմբերի անդամ ելույթներ է ունեցել Պորտուգալիայում, Իսպանիայում, Հայաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում: 

Նարինե Դելլալյանը «Ատլանտիկա Կամերատայի» և «Դելլալյան եռյակի» հիմնադիր ջութակահարն է։ Իր եւ «Դելլալյան եռյակի» համերգային ծրագրերում մշտապես ընդգրկում է հայ կոմպոզիտորների տարբեր ստեղծագործություներ՝ հաճախ լինելով Պորտուգալիայում դրանց առաջին կատարողը: 

2017 թ. արտասահմանում հայկական մշակույթը տարածելու և հնչեցնելու համար «Դելլալյան եռյակը» պարգևատրվեց «Կոմիտաս» մեդալով։ 

Ջութակահարուհին պարբերաբար ելույթներ է ունենում Գյուլբենկյան հաստատությունում, Պորտուգալիայի տարբեր երաժշտական փառատոներում: Մշտապես համակարգում և կազմակերպում է տարբեր մշակութային միջոցառումներ, ուղղորդելով հատկապես հոր՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի և երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի մշակութային ժառանգությունները։ Հրատարակել է Հարություն Դելլալյանի մասին «Նվիրումի հնչյուններ» գիրքը, որն ընդգրկում է մի շարք հոդվածներ, երաժշտագիտական քննադատական ուսումնասիրություններ, նամականի, երաժիշտների կարծիքներ և հիշողություններ, լուսանկարներ, փաստագրական այլ նյութեր, ինչպես նաև ձայնասկավառակ՝ կազմված կոմպոզիտորի սիմֆոնիկ և կամերային ժանրերի ստեղծագործություններից:  

«Հարություն Դելլալյան» վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է։ Հարություն Դելլալյանի 80-ամյակի առիթով մի շարք համերգների հետ Նարինե Դելլալյանը հրատարակեց կոմպոզիտորի կամերային ժանրի հինգ ստեղծագործություններ։ 

Նարինեն «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության հիմնադիրն է և նախագահը։ Երկար տարիների ընթացքում Հայաստանում և սփյուռքում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, համերգներ, միջոցառումներ։ Հրատարակել է Հայրիկ Մուրադյանի կատարումներից բաղկացած երկու ձայնասկավառակ, որից առաջինը «Հայաստանի երաժշտական մասունքներ» ձայնասկավառակը 2001-ին Լոս-Անջելեսում AMFA-ի կողմից արժանացել է «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» մրցանակին։ Երկրորդ ՝ Մոկաց սարեր ձայնասկավառակը Հայաստանում 2017թ. «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել է ազգագրական ժանրում «Լավագույն ալբոմ» մրցանակին։ Հրատարակել է Հայրիկ Մուրադյանի Հուշերը և երրորդ անգամ վերահրատարակել Հայրիկ Մուրադյանից մեզ հասած 150 երգերից բաղկացած «Հայրենի երգեր» ժողովածուն (Հայրիկի ձայնից վերծանել և խմբագրել է պրոֆ. Ալինա Փահլևանյանը)։ 

«Զրույց երաժշտների միջև» հարցազրույցների շարքի հեղինակն է։