Կենսագրություն
Նիկիտա Մնդոյանցը ծնվել է 1989 թվականին։ Սովորել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայում՝ Նիկոլայ Պետրովի և Ալեքսանդր Մնդոյանցի (դաշնամուր) և Ալեքսանդր Չայկովսկու (կոմպոզիցիա) դասարաններում։ Քլիվլենդի 2016 թ․ դաշնամուրների հայտնի միջազգային մրցույթի, ինչպես նաև 2007-ի Պադերևսկու անվան դաշնամուրների միջազգային մրցույթի հաղթող է։
Երիտասարդ դաշնակահարը մի քանի տարի է ինչ համագործակցում է այնպիսի ականավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Շառլ Դյուտուան, Լեոնարդ Սլատկինը, Դմիտրի Սիտկովեցկին, Ալեքսանդր Ռուդինը և Վասիլի Սինայսկին։ Հանդես է եկել մի շարք հայտնի և հեղինակավոր նվագախմբերի՝ Քլիվլենդի, Մարինսկու, Սանկտ Պետերբուրգի, Սվետլանովի, Հայաստանի նվագախմբերի հետ։ Նրա արվեստը գնահատել են Կարնեգի Հոլում, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Կորտոյում և Լուվրի լսարանում, Բոզարի կերպարվեստի կենտրոնում (Բրյուսել), Էլբֆիլհարմոնիայում (Համբուրգ) և այլուր։
Նիկիտա Մնդոյանցը ձայնագրվել է Classical Records, Melodiya և Praga Digital լեյբլների համար։ Նա 2012 թվականից բնակվում է Վիսեմբուրգում (Էլզաս)։