Անցնել բովանդակությանը
Նիկողայոս  Տիգրանյան

Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր

  • Կոմպոզիտոր

Կենսագրություն

Նիկողայոս Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Ինը տարեկանում կորցրել է տեսողությունը։

Նիկողայոս Տիգրանյանը մեծ ընտանիքի զավակ է եղել։ Նրա կրտսեր եղբայրներից են եղել առաջին հանրապետության Արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը, տարբեր տարիներին Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հովսեփ ու Ղազար Տիգրանյանները։

Սովորել է Վիեննայի կույրերի ինստիտուտում։ Դաշնամուր նվագել սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վ․ Շենների մոտ, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել տեսական առարկաներ՝ կոնսերվատորիայի ծրագրով։ 1893 թվականին կատարելագործվել է Ն․ Ֆ․ Սոլովյովի մոտ (կոմպոզիցիայի տեսություն), Պետերբուրգում։

Գյումրիում կազմակերպել է կույրերի դպրոց, եղել դրա տնօրենը և դասավանդել երաժշտատեսական առարկաներ։ 1894 թվականից Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, արևմտյան Եվրոպայի քաղաքներում բազմիցս հանդես է եկել որպես դաշնակահար, կարդացել դասախոսություններ։ Հրապարակել է արևելյան երաժշտության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ 1934 թվականին փոխադրվել է Երևան։ Հայ կոմպոզիտորներից առաջինն է, որ ձայնագրել է և մշակել (դաշնամուրի և կամերային անսամբլների համար) հայ աշուղների, դուդուկահարների, սազանդարների հորինած և կատարած երգերը, պարերը, մուղամները և դաստգյահները։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են Մոսկվայում և Պետերբուրգում՝ սկսած 1887 թվականից և բազմաթիվ անգամ վերահրատարակվել Սովետական Հայաստանում։ 1934-1946 թվականներին Տիգրանյանը իր ստեղծագործությունների որոշ մասը մշակել է փողային, սիմֆոնիկ և կամենային նվագախմբերի համար։ 1900 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին Տիգրանյանը պարգևատրվել է բրոնզե մեդալով։ XIX-րդ-XX դարի սկզբին Անդրկովկասի քաղաքներում կենցաղավարող հայկական, պարսկական, քրդական ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության շատ նմուշներ պահպանվել են Տիգրանյանի գրառումների շնորհիվ։ Մի շարք կոմպոզիտորներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Մ․ Իպոլիտով-Իվանով, Գ․ Կազաչենկո, Ռ․ Գլիեր, Արմեն Տիգրանյան, Սարգիս Բարխուդարյան, Ա․ Ս․ Այվազյան, Արամ Խաչատրյան, այդ մեղեդիները օգտագործել են իրենց ստեղծագործություններում։ Տիգրանյանը հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից է։ Իր մշակումներում ձգտել է պահպանել «հավատարմությունը բնագրի ոգուն», հաղորդել ժողովրդական գործիքային հնչողության և բազմաձայնության, ժողովրդական մեղեդիների լադերի առանձնահատկությունները, ժողովրդական պարերի պլաստիկան։ Ժողովրդական մեղեդիների գրառման և մշակման Տիգրանյանի հայտնաբերած հնարները, ինչպես նաև դաշնամուրային մանրանվագներում և բազմամաս կոմպոզիցիաներում կիրառվող ձևակառուցման սկզբունքները հետագա զարգացում են գտել բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում։

Նիկողայոս Տիգրանյանի պատվին անվանակոչվել է Երևանի Կոմիտասի պողոտային հարող փողոցներից մեկը, որտեղ Խորհրդային շրջանից գործել է Հայաստանի կույրերի միությունը, Կույրերի գրադարանը (2000-ական թվականներից Հայէկոնոմբանկի կոմիտասի մասնաճյուղի տարածքը) ու Կույրերի դպրոցը։

Այլ երաժիշտներ