Անցնել բովանդակությանը
Նիկոլայ Մադոյան

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Կենսագրություն

Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 1-ին, Երեւանում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում անցկացվող պատանի ջութակահարների համառուսական երաժշտական մրցույթում շահել է առաջին մրցանակը, եւ Գրան պրի մրցանակ` Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած ջութակահարների միջազգային Քուլլենկամպֆ մրցույթում: Նա Լեհաստանի Լյուբլին քաղաքում Լիպինսկու և Վիենավսկու անվան պատանի ջութակահարների IV միջազգային մրցույթի դափնեկիր է, «Հանդիսատեսի և լրագրողների հատուկ մրցանակի» մրցանակակիր.Մադոյանը նաև Տոկիոյում կայացած ջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է և ճապոնական ստեղծագործության լավագույն կատարող՝ «Հատուկ մրցանակի» հաղթող:

Նիկոլայ Մադոյանի նվագի նորարարական տեխնիկան ճանապարհ հարթեց դեպի Գինեսի համաշխարհային ռեկորդների հարթակ, որն ամրագրվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների 2019թ գրքում ՝ որպես «Պաշտոնապես զարմանահրաշ» նվաճում: Այս մեթոդաբանության արդյունավետությունն իր արտահայտությունը գտավ բարդ դասական կոմպոզիցիաների ավելի քան երեսուներեք ժամ տևողությամբ շարունակական կատարումների մեջ:

Վերջին տարիների նվաճումների առանձնացանկում է Պագանինիի ջութակի բոլոր 6 կոնցերտների մեկ միացյալ համերգում անգիր կատարումով բացառիկ ելույթը` երաժշտության ողջ պատմության մեջ առաջին անգամ, անզուգական վարպետության դրսեւորմամբ:

Դեռ վաղ մանկությունից, Նիկոլայը մշտապես գերված է եղել ջութակի և երաժշտության խորհրդավոր աշխարհով: Նա սովորել է պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի, այնուհետեւ պրոֆեսոր Զախար Բրոնի մոտ` Նովոսիբիրսկի Գլինկայի անվան Կոնսերվատորիայի դասարանում: Լեգենդար պրոֆեսոր Բրոնի դասարանի հետ միասին, Լյուբեկի երաժշտական ակադեմիայի հրավերով, Մադոյանը ապրելու և սովորելու համար տեղափոխվում է Գերմանիա, որտեղ նա հանդես է գալիս սենսացիոն առաջնանվագով` Շլեսվիգ-Հոլշտեյն երաժշտական փառատոնում Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Եվրոպական հասարակությանը ապշեցնում է պատանի երաժշտի արտիստիզմն ու բարձրահաս տեխնիկական վարպետությունը: Մադոյանը տարիներ շարունակ վարպետության դասեր է առել ականավոր ջութակահարներ Իսահակ Ստերնից և Միրիամ Սոլովյեֆից, իսկ Իսահակ Ստերնի հետ միասին նա ելույթներ է ունեցել Ֆրանսիայում և այլ երկրներում: Հետագայում Նիկոլայ Մադոյանը Մաթիաս Բամերտի ղեկավարությամբ Լոնդոնի «Մոցարտի կատարողներ» նվագախմբի հետ միասին համերգային շրջագայություններ ունեցավ Գերմանիայում, և Առնոլդ Կացի ղեկավարությամբ մեծ շրջագայություն Միացյալ Թագավորությունում ՝ արժանանալով մամուլի և հանդիսատեսի բարձր գնահատանքին:

Մադոյանի հիմնադրած «Մադոյան-Վեսթենհոլց-Դենիցեն» եռյակը մի քանի տարի հաջողությամբ շրջագայել է Եվրոպայով մեկ` ներկայացնելով Շոստակովիչի, Շուբերտի, Բեթհովենի և Ռավելի ստեղծագործությունները: Մադոյանի համագործակցությունը դաշնակահար Էլիզաբեթ Վեսթենհոլցի հետ հանգեցրեց մեծ արձագանք ստացած ձայնասկավառակների թողարկմանը` Կոնտրապունկտ եւ Կոբել ձայնագրման ստուդիաներում: Նրանցում ներկայացված էին Մենդելսոնի, Գրիգի, Շուբերտի, Պրոկոֆևի, Շտրաուսի և Ֆրանկի ջութակի սոնատները: Gramophone-ը գրել է. «Մադոյանը և Վեսթենհոլցը ուժեղ, արտահայտված, համաչափ և ներդաշնակ փոխգործակցություն են»:
Մադոյանի նվագացանկը ներառում է ջութակի ստեղծագործությունների լայն ընտրանի: Նա ելույթ է ունեցել համաշխարհային մասշտաբայնությամբ՝ հանդես գալով աշխարհի մի շարք լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի և դիրիժորների հետ. ինչպիսիք են Հելմուտ Մյուլլեր-Բրյուլը, Ռիչարդ Հիքոքսը, Քուրթ Մազուրը, Ֆրանս Բրյուգենը, Կլաուդիո Աբադոն, Առնոլդ Կացը, Դմիտրի Կիտայենկոն, Վալերի Գերգիևը, Լեոպոլդ Հագերը, Ռիչարդ Դուֆալլոն, Կարեն Դուրգարյանը, Քիս Բաքելսը, Նիկոլայ Ալեքսեևը, Վասիլի Սինայսկին, Էրիխ Վեխտերը, Էդուարդ Թոփչյանը, Ջորջ Ա. Ալբրեխտը, Յանոշ Ֆյուրստը և շատ ուրիշներ:

Մադոյանը նաև շրջագայել է մենահամերգներով` սեփական ընթերցմամբ ներկայացնելով Բախի սոնատները և պարտիտները ջութակի մենանվագի համար, Բեթհովենի տաս սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Իսայեի վեց սոնատները և Պագանինիի ստեղծագործությունները` ներառյալ 24 կապրիսները, որոնք կատարվել են մեկ երեկոյի ընթացքում, առանց ընդմիջումների:

Նիկոլայ Մադոյանը Երեւանի Պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր է և ունի Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում ՝ գերազանց վարպետության և արվեստի տարածման ոլորտում մեծագույն նվաճումների համար: Նա անուրանալի ներդրում է ունեցել հայ կոմպոզիտորների ջութակի ստեղծագործությունները ճանաչելի դարձնելու գործում: 2003 թ.-ին Մադոյանը ստացել է ՀՀ Նախագահի մրցանակ` 17-20 դդ ականավոր կոմպոզիտորների ստեղծած ջութակի տասնհինգ մանրանվագների լավագույն կատարման համար: Նվագում է 18-րդ դարասկզբին Յոզեֆ Գվարներիի կերտած ջութակով:

Այլ երաժիշտներ