Կենսագրություն
Նինա Գրիգորյանը հայ կոմպոզիտոր է, կոմպոզիցիայի, երաժշտության տեսության, սոլֆեջիոյի, դաշնամուրի և երաժշտության պատմության ուսուցիչ։ Նա սկսել է երաժշտություն գրել չորս տարեկանից։
Մանկության տարիներին մասնակցել է երիտասարդ կոմպոզիտորների մի քանի մրցույթների և իր «Ծիր Կաթին» պիեսով արժանացել է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի առաջին մրցանակին։
1995 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը՝ Ղազարոս Սարյանի և Էդուարդ Միրզոյանի ղեկավարությամբ։ Նույն կոնսերվատորիայում ավարտել էասպիրանտուրան և սկսել աշխատել որպես երաժշտության տեսության և սոլֆեջիոյի ուսուցչուհի։
Լինելով ուսանող՝ նա իր «Ընկալում» սիմֆոնիկ ստեղծագործությամբ Երևանի կոնսերվատորիայի կազմակերպած մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի, իսկ Քուչակի տեքստերի վրա հիմնված ստեղծագործությամբ՝ առաջին մրցանակին։
Նա նաև մասնակցել է բազմաթիվ միջազգային կոմպոզիտորական մրցույթների, այդ թվում՝ Բեզանսոնի միջազգային երաժշտական փառատոնին, ՀԲԸՄ-ի Սայաթ-Նովայի մրցույթին, Մաուրիսիո Կագելի կոմպոզիտորական մրցույթին և Բոլոնիայի կոմպոզիտորական մրցույթին,Լիսաբոնի Մետրոպոլիտեն նվագախմբի նոր կոմպոզիտորների մրցույթին:
2002-2003 թվականներին նա պրակտիկա է անցել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի ղեկավարությամբ:
Նա 2006 թվականից ապրում է Պորտուգալիայում, բացի ստեղծագործելուց, կազմակերպում է համերգներ և սեմինարներ՝ նվիրված հայկական երաժշտությանը։
2016 թվականին նա օգնել է կազմակերպել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի «Ամառային այգի» մշակութային միջոցառումը։ Նա նաև ղեկավարել է Ամառային այգու երկու երաժշտական սեմինարները՝ «Drawing music» խորագրով, իսկ նրա դասական երաժշտական ստեղծագործությունները՝ գրված «Prayer» տրիոյի համար արժանացել են գովասանքների ինչպես պրոֆեսիոնալ երաժիշտների, այնպես էլ լայն հանրության կողմից:
2017 թվականին Գյուլբենկյան հիմնադրամում նրա «Զարթոնք» երաժշտական ստեղծագործությունը հնչել է «Aeternus» տրիոյի կատարմամբ։ 2019 թվականին կրկին նույն «Aeternus» տրիոյի հետ Նինա Գրիգորյանը թողարկել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված իր առաջին ձայնասկավառակը, որը ներառում էր նաև Ա. Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները։